Լեհաստանի վարչապետը սպառնացել է նախագահին արտահերթ խորհրդարանական ընտրություններով
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սպառնացել է երկրի նախագահ Անջեյ Դուդային արտահերթ խորհրդարանական ընտրություններով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դուդան դեռ չի ստորագրել խորհրդարանի կողմից ընդունված բյուջեի մասին օրենքը։ Նախագահը քննարկում է այն Սահմանադրական դատարան ուղարկելու հնարավորությունը։
Տուսկը մամուլի ասուլիսում ասել է, թե չի հավատում, որ Դուդան բյուջեն կուղարկի Սահմանադրական դատարան, բայց եթե նույնիսկ դա տեղի ունենա, ապա չի հանգեցնի խորհրդարանի ցրմանը։
«Ինձ թվում է, որ նախագահ Անջեյ Դուդան արդեն բազմիցս ցույց է տվել, որ չունի ռիսկային մարդու խառնվածք։ Նա սկզբունքորեն հանգիստ մարդ է, ուստի չեմ կարծում, որ կցանկանա դիմել արկածախնդրության՝ բյուջեի մասին օրենքն ուղարկելով Սահմանադրական դատարան»,- ասել է վարչապետը։
Միաժամանակ նա հավելել է, որ ինքը կարող է քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը, եթե բյուջեի կատարումը հետաձգվի։