Ռումինիան հերքել է ռուսական զորքերին իր օդուժով հարվածելու մասին տեղեկությունները
Ռումինիայի F-16C կործանիչները չեն ներգրավվել Ուկրաինայում ռուսական զորքերի դիրքերին ձեռնարկված հարձակմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գրոհի վերաբերյալ սոցցանցերում հայտնված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Տեղեկացնում ենք X հարթակում (նախկինում՝ Twitter) հայտնված կեղծ լուրերի մասին, որոնցում նշվում է, որ Ռումինիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16C ինքնաթիռը շաբաթ օրը՝ հունվարի 27-ին, օդ է բարձրացել Կոնստանցայի 86-րդ ավիաբազայից։ և ժամը 3:22-ին հարվածել է Խերսոնի մերձակայքում գտնվող ռուսական զորախմբին: Ակնհայտ է, որ վերոնշյալ պնդումն անհեթեթ է ոչ միայն ավիացիոն մասնագետների, այլև լայն հանրության համար»,- նշված է հաղորդագրությունում:
Ռումինական կողմը պնդում է, որ երկրի ՌՕՈւ-ն չունի C տարբերակի F-16 ինքնաթիռներ, այլ համալրված է միայն A և B տարբերակի կործանիչներով:
Newsweek-ը տեղեկացնում է, որ Ռուսաստանի գլխավոր շտաբը երկրի անվտանգության խորհրդին հայտնել է, որ Ուկրաինայում F-16-երի բացակայության պարագայում հարվածների համար օգտագործվում են դաշնակիցների ենթակառուցվածքներն ու ցամաքային անձնակազմը: