Ասում էր՝ «ես ապրում եմ, որ քեզ ուրախ պահեմ». ուրախությունս իր հետ երկինք տարավ․ MediaHub
«Իր 21 տարեկանում հասցրեց ապրել մի ամբողջ կյանք»,- որդու՝ Գոռի մասին այսպես է խոսում հայրը՝ Մհեր Ղուկասյանը։
Վերջինս երկար տարիներ ծառայել է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում, վերջին տարիներին նշանակվել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատար։ 2020 թվականին ռուսական ու ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Մհեր Ղուկասյանն ամիսներով տուն չի եկել, որոնողական աշխատանքներ իրականացնող ջոկատների հետ ընդգրկված էր զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների տարհանման աշխատանքներում։ Մի օր էլ փրկարար ընկերներն իր որդու մարմինը բերեցին...
Գոռ Ղուկասյանը զոհվել է 2023-ին՝ Կաշենի հանքավայրի ուղղությամբ մղված թեժ մարտերում։ MediaHub-ի հետ զրույցում Մհեր Ղուկասյանն ասաց, որ տղան ծառայության էր անցել ԱԱԾ ուժերում, դիրքապահ էր։ Վերջին անգամ նրա հետ խոսել է սեպտեմբերի 19-ին, նախքան պատերազմը։ Մհերն ու Գոռը տարիքային սահմանափակումներ չեն դրել միմյանց առաջ, իրար նաև որպես ընկերներ էին ընդունում:
«Սեպտեմբերի 19-ին սովորական, հերթական զանգ էր, որն ամեն օր էր լինում, հարցնում էինք իրարից, անցնում մեր գործերին։ Կեսօրին, երբ սկսվեց լայնամասշտաբ ռազմական ագրեսիան, նրա հետ կապ հաստատել չկարողացանք։ Ես ևս ծառայության մեջ էի։ Գիտակցումը, որ պատասխանատու ես նաև քո հայրենակիցների կյանքերի համար, մի պահ մոռացնել է տալիս քո անձը։ Դժվար, աննկարագրելի ծանր օրեր էին իմ ընտանիքի համար. մի կողմից` պատերազմը, վիրավոր քաղաքացիների տարհանումը, մյուս կողմից` Գոռը, որի հետ չկարողացա խոսել պատերազմի ընթացքում»,- ասում է Մհեր Ղուկասյանը։
Շուրջ 6 օր որդու մասին որևէ տեղեկություն չեն ստացել նրա ծնողները։ Միայն ենթադրությունների մակարդակում լուրեր էին տարածվում, որ դիրքը, որտեղ Գոռն էր, հրետակոծվել է, դիրքապահները՝ զոհվել։ Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը դիեր փոխանցեց հայկական կողմին։ Փրկարարները Ղուկասյանների ընտանիքին փոխանցեցին Գոռի մարմինը։ Բռնի տեղահանությունից հետո նա ևս հուղարկավորվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հարազատներն ասում են՝ Գոռը սեր էր, և երջանիկ էր Անին, որ վայելեց այդ սերը՝ ամուսնության 5 ամսում, թեպետ, դեռ դպրոցական տարիքից սիրահարված էին իրար։ Նրանք ամուսնացան շրջափակման օրերին։ Հետո պատերազմն ընդհատեց երիտասարդ զույգի երազանքները։
«5 ամսվա ամուսիններ էինք, բայց մեր սերը մոտ 7 տարվա պատմություն ունի։ Մենք ներդաշնակ ընտանիք էինք, վայելել ենք մեր ամեն պահը, ես ամենաերջանիկ կինն էի Գոռի կողքին, անգամ մեր վեճերն էին հետաքրքիր։ Հիմա ամեն րոպե ցավս կրկնապատկվում է, որովհետև Գոռը երբեք մտքիցս դուրս չի գալիս։ Միշտ ասում էր՝ «ես ապրում եմ, որ քեզ ուրախ պահեմ». ուրախությունս իր հետ երկինք տարավ»,- ասում է Անի Ղուկասյանը։
Գոռը հաճախ է գալիս Անիի երազներում, փարատում սիրելիին, որ չտանջվի․ «Հանգստացնում է, ասում է՝ «ես չեմ գնացել, ես տեսնում եմ քեզ…»: Իսկ Անին այլևս կիսատ կյանքով է ապրում, հաճախ այցելում «Եռաբլուր», ամեն օրվա պես մտերմիկ զրույց անում։
«Ինչպե՞ս կարող է մի փոքր սրտի մեջ այսքան մեծ ցավ տեղավորել»,- վշտանում է երիտասարդ կինը։
Ամուսնու զոհվելուց հետո Անին առ այսօր շարունակում է ապրել Գոռի ծնողների հետ։ Մհերն ու Նարինեն Անիին նույնքան սեր են տալիս, որքան իրենց դստերը՝ Ալյոնային։