ԵՄ-ում համաձայնել են ՌԴ-ի սառեցված ակտիվների եկամուտներն օգտագործելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին
Եվրամիության մշտական ներկայացուցիչները հունվարի 29-ին համաձայնել են Եվրահանձնաժողովի առաջարկին, ըստ որի ՌԴ-ի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործվելու են Ուկրաինային օգնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահությունը:
«ԵՄ դեսպանները հենց նոր սկզբունքորեն համաձայնեցին սառեցված ակտիվների հետ կապված անսպասելի շահույթների օգտագործման առաջարկին՝ Ուկրաինայի վերակառուցմանն աջակցելու համար», - գրել է ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահությունը X սոցիալական հարթակում։
Համապատասխան առաջարկը ԵՀ-ն պատրաստել էր դեկտեմբերին։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ավելի քան 200 միլիարդ եվրոյի արգելափակված ռուսական ակտիվներ գտնվում են ԵՄ-ում, ընդ որում զգալի մասը՝ Բելգիայում։
2022 թ. մարտին ԵՄ-ն որոշում է ընդունել սառեցնել ռուսական ակտիվները Եվրամիության երկրներում՝ պայմանավորված Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններով։ 2023 թ. հոկտեմբերին Բելգիայի իշխանությունները հայտարարել են, որ 1,7 միլիարդ եվրոյի հիմնադրամ կստեղծեն Ուկրաինայի համար՝ ՌԴ ակտիվներից ստացված եկամուտների հարկման հաշվին։