Ուկրաինան հայտարարել է, որ իր զինված ուժերը ընդունել են ՆԱՏՕ-ի առաջարկած ստանդարտների 88%-ը
Ուկրաինան 2023 թվականի դեկտեմբերից կիրառել է ՆԱՏՕ-ի ևս 18 ստանդարտ, և այդ աշխատանքը կշարունակվի։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի ռազմական գերատեսչության կայքը։
Ներդրված ստանդարտների շարքում նշվել են կապի, տեղեկատվական-հաղորդակցական և տրանսպորտային ապահովման ոլորտներում ռազմածովային ուժերի ուսուցման նորմերը: Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում, զինված ուժերում և անվտանգության ու պաշտպանության ոլորտի այլ բաղադրիչներում ներդրվել է ՆԱՏՕ-ի 315 ստանդարտ, որոնցից 192-ը (նախատեսվածի 88 տոկոսը) «Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի գործընկերության նպատակների» շրջանակում են և դաշինքի առաջնահերթ չափանիշներն են: Եվս 123 ստանդարտ ընդունվել է նախաձեռնողական կարգով»,- նշել են Ուկրաինայի պաշտպանության գերատեսչությունում:
Ինչպես հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Իվան Գավրիլյուկը, 2024 թվականին նախատեսվում է անվտանգության ոլորտում ներդնել ՆԱՏՕ-ի ևս 50 չափորոշիչ։ Ավելի վաղ փոխնախարարը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն խորհուրդ է տվել ընդունել 219 ստանդարտ։
2022 թվականի սեպտեմբերին Ուկրաինան արագացված հիմունքներով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, իսկ 2023 թվականի հուլիսին Վիլնյուսում կայացած դաշինքի գագաթնաժողովում ստացել է երաշխիքներ, որ այն կընդունվի, «երբ անհրաժեշտ պայմանները կատարվեն»։ Բրյուսելը չի նշել Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու ժամկետները։ Միևնույն ժամանակ, կազմակերպությունը բազմիցս ընդգծել է, որ անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է, քանի դեռ երկիրը գտնվում է հակամարտության վիճակում։