Ճապոնական SLIM լուսնային զոնդը սկսել է աշխատել
Ճապոնական JAXA տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ իր SLIM լուսնային զոնդը, որը հունվարի 19-ին անհաջող վայրէջք էր կատարել Լուսնի վրա, նորից սկսել է աշխատել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Անցած երեկոյան SLIM մոդուլի հետ կապը հաջողությամբ վերականգնվել է, և աշխատանքը վերսկսվել է»,- ասվում է X-ում JAXA-ի արված գրառման մեջ։
Ճապոնական տիեզերական գործակալությունը հայտնում է, որ հաջողելով SLIM-ի միացումը՝ մասնագետներն անմիջապես սկսել են ուսումնասիրել լուսնի մակերեսը՝ օգտագործելով սպեկտրոսկոպային տեսախցիկ։
SLIM զոնդը Լուսնի վրա վայրէջք է կատարել հունվարի 19-ին։ Վայրէջք կատարելիս այն քթով թաղվել էր հողի մեջ, ինչի արդյունքում դրա արևային մարտկոցները շրջվել են արևից։
Երեք ժամ աշխատելուց հետո, երբ զոնդին մնացել էր ընդամենը 12% լիցքավորում, մասնագետներն այն անջատել են, որպեսզի կարողանան նորից միացնել, երբ արևի ճառագայթները դիպել են վահանակներին։
Ճապոնիան դարձել է հինգերորդ երկիրը ԱՄՆ-ից, ԽՍՀՄ-ից, Չինաստանից և Հնդկաստանից հետո, որի մեքենան վայրէջք է կատարել Լուսնի մակերևույթին։