Հունգարիան պատրաստ է զիջումների գնալ Ուկրաինային ԵՄ օգնության հարցում
Հունգարիան պատրաստակամություն է հայտնել փոխզիջման գնալ Ուկրաինային Եվրամիության ծրագրվող օգնության փաթեթի շուրջ վեճում։ Հունգարիայի կառավարությունը բաց է որոշակի պայմաններով ԵՄ բյուջեից 50 միլիարդ եվրոյի փաթեթը ֆինանսավորելու համար։
Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավոր քաղաքական խորհրդական Բալաշ Օրբանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Նշվում է, որ համապատասխան առաջարկը Հունգարիան ուղարկել է Բրյուսելին հունվարի 27-ին։ Դրա բովանդակությունը դեռևս չի բացահայտվում։
Ավելի վաղ Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան Բրյուսելին մեղադրել էր շանտաժի մեջ։ Դրա պատճառ էր դարձել Financial Times-ի հոդվածը, ըստ որի՝ Եվրամիությունը կարող է քայլեր ձեռնարկել Հունգարիայի տնտեսության դեմ, եթե Բուդապեշտը շարունակի արգելափակել Ուկրաինային նախատեսված օգնությունը փետրվարի 1-ին կայանալիք գագաթնաժողովում։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երկիրը «չի զիջի ճնշման ներքո»։ «Հունգարիան կապ չի տեսնում Ուկրաինային աջակցության և ԵՄ-ի միջոցների հասանելիության միջև և թույլ չի տալիս այլ կողմերին դա անել։ Հունգարիան կառուցողական մասնակցել է բանակցություններին, բայց շորթում թույլ չի տա»,- գրել էր պաշտոնյան։
Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ ԵՄ իշխանությունները ծրագիր են մշակել, որ եթե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արգելափակի Ուկրաինային նոր օգնությունը փետրվարի 1-ին նախանշված ԵՄ արտակարգ գագաթնաժողովում, դաշինքի մյուս երկրների և կառավարությունների ղեկավարները հրապարակայնորեն կհայտարարեն, որ Հունգարիայի վարչապետի «ապակառուցողական պահվածքի լույսի ներքո իրենք չեն կարող թույլ տալ» Բուդապեշտին ստանալ ԵՄ փողերը։