Բելգիայի ֆերմերները սպառնում են արգելափակել Բրյուսելը
Բելգիացի ֆերմերներն առաջիկա օրերին կարող են արգելափակել Բրյուսելը, եթե իշխանությունները նրանց ընդառաջ չգնան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է բելգիական «Soir» հրատարակությունը՝ հղում անելով Երիտասարդ ֆերմերների ֆեդերացիային։
«Դա կարող է տեղի ունենալ չորեքշաբթի կամ հինգշաբթի»,-նշում է հրատարակությունը։
Հունվարի 28-29-ին բելգիացի ֆերմերների բողոքի ցույցերն արդեն հանգեցրել են երկրի հարավում խցանումների:
Բելգիայի ֆերմերները հետևել են Ֆրանսիայի և Գերմանիայի իրենց գործընկերների օրինակին, որտեղ նման բողոքի ակցիաները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։ Տրակտորներով ֆերմերները դանդաղեցնում են երթևեկությունը կամ ամբողջությամբ կանգնեցնում այն՝ փակելով մայրուղիները։ Հունվարի 29-ին մի քանի տրակտորիստ հասել է Բրյուսել։
Հունվարի 24-ին Ֆրանսիայից և ԵՄ այլ երկրներից մոտ 200 ֆերմերներ բողոքի ցույց էին կազմակերպել Բրյուսելի կենտրոնում՝ Եվրախորհրդարանի շենքի մոտ՝ համաեվրոպական քաղաքականության պատճառով, որը, ըստ ֆերմերների, փոքր տնտեսությունների աշխատանքը դարձնում է ոչ եկամտաբեր և անշահավետ։ Նրանք պնդում են, որ ԵՄ կանոնակարգերի հետ կապված անընդհատ աճող սահմանափակումների պատճառով գյուղմթերք արտադրողների եկամուտները նվազում են։ Ֆերմերները դժգոհում են, որ նրանք պայքարում են մրցակցելու ազատ առևտրի համաձայնագրեր ունեցող երկրներից ԵՄ ավելի էժան արտասահմանյան ներմուծման հետ: