Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում իրանցի խորհրդականների շտաբին. Al Hadath
Սիրիայի Սեյիդա Զեյնաբ արվարձանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ նշանակության «Ղոդսի ուժերի» իրանցի խորհրդականների շտաբը հարձակման է ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Al Hadath-ը։
Ըստ պարբերականի՝ ռազմական օբյեկտին հասցվել է երեք հրթիռային հարված իսրայելական ուժերի կողմից։ Բացի այդ, հարձակման է ենթարկվել Դամասկոսից հարավ գտնվող «Հեզբոլլահ» խմբավորման շտաբը։ Հարվածների հետևանքով, ըստ Al Hadath-ի հրապարակման, կա 6 զոհ։
Սիրիական Sham FM ռադիոկայանը հաղորդել է մայրաքաղաքի ծայրամասում պայթյունների մասին՝ նշելով, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության միջոցները կրակ են բացել թշնամու թիրախների վրա Դամասկոսի երկնքում։ Ավիահարձակման հետևանքների մասին մանրամասներ չեն ստացվել։
Tasnim լրատվական գործակալությունը հաղորդում է հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին։
Դեկտեմբերի 25-ին Դամասկոսի հարավային արվարձանում սպանվել էր ԻՀՊԿ գեներալ Ռազի Մուսավին, որը գլխավորում էր Սիրիայում իրանցի ռազմական խորհրդականների խումբը։
Հունվարի 20-ին ԻՀՊԿ «Ղոդսի ուժեր» հետախուզական ծառայության հրամանատար գեներալ Յուսեֆ Օմիդ Զադեն սպանվել էր Դամասկոսի Մեզզե թաղամասի առանձնատներից մեկի վրա իսրայելական օդուժի հարվածի ժամանակ։
Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման միջև պատերազմի ընթացքում Սիրիայի տարածքը, այդ թվում՝ Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայանները և «Հեզբոլլահ»-ին պատկանող օբյեկտները մի քանի անգամ գնդակոծության են ենթարկվել իսրայելական ուժերի կողմից։