Ադրբեջանը տնտեսական պատերազմ է վարում Հայաստանի դեմ. Վարդան Ջհանյան
Վերջին շրջանում Ադրբեջանը ակտիվացրել է Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացումը խաթարելու ջանքերը՝ թիրախավորելով հայրենի տնտեսության առավել հեռանկարային ճյուղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հունվարի 29-ին Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց Հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյան:
«Վերջին մեկ տարում Ադրբեջանը շատ է ակտիվացել մեր ոլորտի և, ընդհանրապես, Հայաստանի տնտեսության հետ կապված: Դրա վերաբերյալ, առաջիկա օրերին հավանաբար, հայտարարություն կտարածենք մեր միության անունից: Նրանք թիրախավորում են տնտեսության այն ճյուղերը՝ հանքարդյունաբերություն, էներգետիկա և այլն, որոնք երկարաժամկետ և կարևորագույն նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար: Մեր հանրությունը պետք է համատեղ քայլերով փորձի նվազեցնել Ադրբեջանի թիրախավորման հետ կապված ռիսկերը»,- հայտարարեց Ջհանյանը:
Նա գտնում է, որ ադրբեջանցիների վարած այդ ինքնատիպ հիբրիդային պատերազմը պայմանավորված է այն հանգամանքի գիտակցությամբ, որ ներկայումս Հայաստանը տնտեսական աճի մակարդակով շրջանցել է իրենց: «Մինչև 2017-18 թվականները նրանք այդպիսի մտավախություն չունեին: Իսկ հիմա նույնիսկ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով ենք գերազանցել Ադրբեջանին: Նրանք հասկանում են, որ դա հանգեցնելու է նաև ռազմական նոր բալանսի ձևավորման և հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի դեմ: Ինձ թվում է, որ մենք՝ մեր թիմը, բիզնեսի ներկայացուցիչները պատրաստ են կառավարության և հանրության հետ քննարկել այդ պատերազմում չպարտվելու քայլերը»,- նշեց Ջհանյանը:
Անդրադառնալով Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ներկայիս վիճակին՝ բանախոսը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երրորդ տարին անընդմեջ մեծ առավելությամբ գլխավորում է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը: «Սակայն, ոլորտի մյուս ձեռնարկություններն անցյալ տարի 2022 թվականի համեմատ զիջել են դիրքերը՝ աճ չեն գրանցել: 2023 թվականի առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում կա ևս չորս հանքարդյունաբերական ձեռնարկություն, որոնք ընդհանուր առմամբ վճարել են մոտ 30 մլրդ դրամի հարկ: Մինչդեռ 2022-ին առաջին հարյուրյակում եղել է հանքարդյունաբերական ոլորտի կամ դրան առնչվող 8 կազմակերպություն, որոնք միասին վճարել էին մոտ 90 մլրդ դրամի հարկ»,- ասաց բանախոսը:
Ըստ նրա՝ ներկայիս նահանջը պայմանավորված է տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Դրանցից առաջնային է դրամի փոխարժեքի գործոնը, քանի որ այս ոլորտը հիմնականում արտահանման ուղղվածություն ունի: Ջհանյանի դիտարկմամբ, այդ պարագայում նույնիսկ դեպի ներքին շուկա կողմնորոշված ընկերությունները ներմուծողների համեմատ կորցնում են մրցակցային առավելությունները: