Հունաստանը պատրաստ է Հայաստանին սատարել բոլոր հնարավոր ուղղություններով. Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Յաննիս Պլակյոտակիսի հետ։ Այդ մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:
Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի խորհրդարանում Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ձևավորման համար՝ կարևորելով երկու բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը, խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմի արդյունավետ կիրառումը։
ՀՀ դեսպանը ներկայացրել է զրուցակցին տարածաշրջանային վերջին զարգացումները, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի ներկա վիճակը՝ կարևորելով ԵՄ դերը տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործում։ Այս համատեքստում դեսպանը շնորհակալություն է հայտնել Հունաստանին ու Եվրոպական միությանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքներին ուղղված ցուցաբերվող աջակցության համար։
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ դեսպան Մկրտչյանն ընդգծել է տնտեսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու կարևորությունը, փոխադարձ այցելությունների ակտիվացումը։
Իր հերթին Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակն արձանագրել է երկու երկրների միջև համագործակցության բարձր մակարդակը, ընդգծել, որ Հունաստանի կառավարությունը պատրաստակամ է Հայաստանին սատարելու բոլոր հնարավոր ուղղություններով։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ փոխխոսնակը վերահաստատել է Հունաստանի դիրքորոշումը՝ դատապարտելով բռնության բոլոր դրսևորումները Լեռնային Ղարաբաղի համատեքստում` մտահոգություն հայտնելով ծագած հումանիտար խնդիրների լուծման կապակցությամբ, աներկբա աջակցություն արտահայտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և սուվերենությանը։
Միաժամանակ պարոն Պլակյոտակիսը գոհունակություն է հայտնել՝ Կիպրոսի հիմնախնդրի հարցում Հայաստանի հաստատակամ աջակցության համար։