Ադրբեջանը կփորձի կանգնեցնել անգամ Երևանում տեղի ունեցող ինչ–որ շինարարություն. Ջհանյան
Ադրբեջանը բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկում է Հայաստանի արդյունաբերական զարգացմանը խանգարելու համար, քանի որ հասկանում են, որ ՀՀ–ն տնտեսապես ավելի արագ է զարգանում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։
«Ադրբեջանը բնապահպանական պատրվակով կփորձի կանգնեցնել անգամ Երևանում տեղի ունեցող ինչ–որ շինարարություն, քանի որ հասկանում է` Հայաստանի տնտեսական աճն ավելի բարձր է, քան իրենցը։ «Նրանք թիրախավորում են Հայաստանի խոշոր ձեռնարկությունները, որոնք տնտեսական մեծ ազդեցություն ունեն, օրինակ` ատոմակայանը։ Եթե անգամ Երևանում շինարարություն լինի, ադրբեջանցիները կարող են ասել, որ դա աղտոտում է գետերը, որոնք հոսում են ու Արաքսով հասնում Ադրբեջան։ Նրանք հասկանում են, որ ռազմական առումով էլ ինչ–որ բալանս կարող է ձևավորվել, և նրանք վարում են հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ»,– ասաց նա։