Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի է ունեցել ցույց՝ 45 հազար մարդու մասնակցությամբ, որոնք դեմ են հանուն անկախության պայքարող կատալոնյան նախկին առաջնորդների համաներման մասին կառավարության օրինագծին։ Այս մասին տեղեկացրել է «Немецкая волна»։
Օրինագիծը քննարկվելու է հունվարի 30-ին Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատում։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը համաձայնել է համաներմանը՝ կատալոնյան JxCat եւ ERC կուսակցությունների աջակցության դիմաց, որոնց ձայներն օգնել են իրեն երկրորդ անգամ նշանակվել կառավարության ղեկավար անցած տարվա արտահերթ ընտրություններից հետո։
Այդ փոփոխությունները լրացուցիչ պաշտպանություն կապահովեն 2017թ. Կատալոնիայի անկախության հռչակման անհաջող փորձի մասնակիցների, մասնավորապես՝ JxCat կուսակցության ղեկավար Կառլես Պուչդեմոնի համար, որն այն ժամանակ Կատալոնիայի տարածաշրջանի ղեկավարն էր։