Նիգերը, Մալին և Բուրկինա Ֆասոն լքել են Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքը
Խունտայի գլխավորած Արևմտյան Աֆրիկայի երեք պետությունները՝ Նիգերը, Մալին և Բուրկինա Ֆասոն, կիրակի օրը հայտարարել են, որ անհապաղ լքում են Արևմտյան Աֆրիկայի Տնտեսական Համայնքը (ECOWAS), ասվում է Նիգերի ազգային հեռուստատեսությամբ ընթերցված համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը:
«49 տարի անց Բուրկինա Ֆասոյի, Մալիի և Նիգերի քաջարի ժողովուրդը ափսոսանքով և մեծ հիասթափությամբ նշում է, որ կազմակերպությունը (ECOWAS) հեռացել է իր հիմնադիր հայրերի իդեալներից և պանաֆրիկանության ոգուց»,- ասվում է Նիգերի ռազմական ղեկավարության ներկայացուցիչ, գնդապետ Ամադու Աբդրամանեի հայտարարության մեջ։
Կազմակերպությունը, մասնավորապես, չի կարողացել օգնել այդ պետություններին ահաբեկչության և անապահովության դեմ գոյաբանական պայքարում»,- հավելել է Աբդրամանեն:
Անցյալ տարվա սեպտեմբերին Մալին, Նիգերը և Բուրկինա Ֆասոն անվտանգության պայմանագիր ստորագրեցին՝ խոստանալով միմյանց օգնության հասնել ցանկացած ապստամբության կամ արտաքին ագրեսիայի դեպքում։
Նիգերում տեղի ունեցած վերջին պետական հեղաշրջումը հերթական սեպն է խրել եռյակի և տարածաշրջանային բլոկի երկրների՝ Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի միջև, որը սպառնացել է ուժ կիրառել երկրում սահմանադրական իշխանությունը վերականգնելու համար, փոխանցում է news.am-ը։