Բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ բարձրագույն սպայակազմը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ:
Միջոցառման սկզբում նախ հնչել է ՀՀ պետական օրհներգը, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքի նվիրաբերած հայորդիների հիշատակին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Ռազմավարական առումով մենք ընթանում ենք պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ, և այս իմաստով «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը վերջին տարիների մեր ամենամեծ հաջողությունն է, որը հենց այսօր պրոֆեսիոնալ բանակի հիմքն ու անկյունաքարն է դառնում: Սա մի համակարգ է, որ ժամկետային զինծառայողներին հնարավորություն է տալիս դառնալ առնվազն 5 տարվա պայմանագրային զինծառայող, կամավոր ատեստավորման արդյունքում ստանալ 450 հազար, երբեմն 500 հազար դրամ և ավելի դրամ ամսական աշխատավարձ, ծառայել սեփական բնակավայրին մոտակա զորամասում և ծառայության ընթացքում ապրել տանը` որպես պրոֆեսիոնալ, իսկ հնգամյա ժամկետի ավարտին միանվագ ստանալ 5 միլիոն դրամ, անկախ նրանից` կցանկանա՞ ևս 5 տարով երկարացնել պայմանագրի ժամկետը, թե` ոչ:
Բայց նաև այս ֆոնին անհրաժեշտ եմ համարում ընդգծել` բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ: Որովհետև, երբ փորձում ես հասկանալ, թե ի՞նչ է թաքնված այդ կենացների խորքում, առերեսվում ես դառը իրականությանն առ այն, որ զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ:
Սա կամ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի կամ էլ զորակոչը Հայաստանի Հանրապետությունում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության և հանրության ներկայացուցիչներ: Եթե այսպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետև այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը: Այստեղ, իհարկե, իրավապահ համակարգի արդյունավետության հարցն է շատ սուր կանգնում, մյուս կողմից մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, որ տեղ չթողնենք կամ նվազագույնի հասցնենք չարաշահումների հնարավորությունը»: