Գեներալը Փաշինյանի որոշմամբ է արդեն մեկ տարի ու կես բանտում է. պայթում է այս անարդար վիճակից. պատգամավոր
Այսօր՝ Հայոց բանակի կազմավորման 32 - ամյակի օրը, Եռաբլուրում մեր նահատակներին հարգանքի տուրք մատուցելուց հետո, ուղղվեցի ԱԱԾ շենք, որտեղ տեղակայված «Երևան» քրեակատարողական հիմնարկում արդեն մեկ ու կես տարի՝ 17 ամիս, անազատության մեջ է գտնվում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ - լեյտենանտ Միքայել Արզումանյանը։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Շտապեցի նրա կողքը լինել, նրան շնորհավորել, ով դեռ պատանի տարիքում զինվորագրվել է Հայոց Ազատամարտին, անցել բոլոր փորձություններով, ռազմաճակատներով, զբաղեցրել է զինվորական տարբեր բարձր պաշտոններ, 44 - օրյա պատերազմի արդեն դժվարագույն փուլում ստանձնել Բանակի հրամանատարությունը, իսկ 2022 թվականի օգոստոսի 30 - ին քաղաքական պատվերով, Նիկոլի կամքով ձերբակալվել է ու կալանավորվել։
Ամեն անգամ դժվար է նրան այցի գնալը, քանի որ իր հախուռն բնավորությամբ, ըմբոստությամբ գեներալը պայթում է այս անարդար վիճակից, երբ իշխանական քաղաքական - կառավարչական հանցանքները թաքցնելու համար Փաշինյանի կողմից դարձել է թիրախ, իրավապահներն էլ հլու - հնազանդ կատարել են փաշինյանական պատվերը, եւ անազատության մեջ են պահում Միքայել Արզումանյանին, վերագրում ցնորական մեղադրանքներ։
Գեներալը Փաշինյանի որոշմամբ է արդեն մեկ տարի ու կես բանտում, նրան վերագրվող կեղծ մեղադրանքները Փաշինյանին պետք էր եւ է՛ սեփական հանցանքների պատասխանատվությունից խուսափելու համար։ Բայց ինչպես մի անգամ ԱԺ ամբիոնից Նիկոլին ասացի՝ որքան էլ, ինչպես Արզումանյանն է, Նիկոլը նշանակի կեղծ մեղադրյալներ, օգտուտ չունի։ Դարեր հետո էլ այս տարիները հայությունը հիշելու է փաշինյանական դավաճանության շրջան։
Մի օր Արզումանյանը, նրա պես հանիրավի բանտարկված բազում զինվորականներ լինելու են ազատության մեջ, բայց ի՞նչ պատասխան են տալու նրանց անօրինական բանտարկության տարած հարյուրավոր իրավապահները, կեղծ ցուցմունքներ տվածները։ Մեղքը միայն Նիկոլի վրա գցելն օգուտ չի ունենա։
Միքայել Արզումանյանին տեսակցելուց ելա, մտքում շնորհավորելով այս օրերին անազատության մեջ եղած քաղաքական նպատակներով բանտարկված բոլոր զինվորականներին։ Դեռ մեջքն ուղղվելու է»։