Թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած 44-օրյա պատերազմում Հայոց բանակը չի պարտվել. Գագիկ Ծառուկյան
Ռազմա-արդյունաբերության վերջին պահանջներին համապատասխանող ժամանակակից ու մարտունակ բանակի կայացումը բացարձակ առաջնահերթություն պետք է լինի մեր պետության համար, որը ուժեղ դաշնակիցների հետ գործակցության շնորհիվ կարող է ապահովել իրական անվտանգություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 32-ամյակի առթիվ։ Մեր պետականության հենասյուներից մեկը հանդիսացող Հայոց բանակը մշտապես եղել է հպարտության առարկա, ունեցել լուրջ հաղթանակներ ու ձեռքբերումներ, հաղթահարել ցավոտ փորձություններ ու դժվարություններ։
Թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած 44-օրյա պատերազմում Հայոց բանակը չի պարտվել, հայ զինվորը չի պարտվել ու պայքարել է մինչև վերջ։ Հազարավոր հայ տղաներ իրենց կյանքը նահատակել են հանուն հայրենիքի և մենք բարոյական իրավունք չունենք մոռանալ նրանց հերոսությունն ու սխրանքը։ Այսօր էլ մենք գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների հիշատակի և այս պահին սահմանին մեր անվտանգությունն ապահովող զինվորների ու սպաների առաջ և վերահաստատում, որ բանակի հզորացումը մեր համազգային պարտքը պետք է լինի։
Ռազմա-արդյունաբերության վերջին պահանջներին համապատասխանող ժամանակակից ու մարտունակ բանակի կայացումը բացարձակ առաջնահերթություն պետք է լինի մեր պետության համար, որը ուժեղ դաշնակիցների հետ գործակցության շնորհիվ կարող է ապահովել իրական անվտանգություն։
Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ եմ մաղթում բոլոր զինծառայողներին, խաղաղություն՝ մեր հայրենիքին: