Հայոց բանակը կարող է նոր հաղթանակներ կերտել
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սիրելի հայրենակիցներ, գործընկերներ,
Զինված ուժերի նվիրյալ սպաներ և զինծառայողներ,
շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ:
Հունվարի 28-ը հայերիս արժանապատվության ու հայրենասիրության մասին վկայող ամենակարևոր տոներից մեկն է:
Հայրենասիրությունն ու պատվախնդրությունն էին այն ներուժը, որը մեր ժողովրդին հնարավորություն տվեց դառնալու հզոր հենասյուն՝ Հայոց բանակի կազմավորման համար:
Ստեղծման օրից ի վեր հայկական բանակը շարունակում է դիմագրավել արտաքին թշնամիների հարձակումներին՝ հաճախ պայքար մղելով մի քանի բանակի և վարձկան ահաբեկիչների դեմ, ինչպես եղավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ:
Հավերժ փառք այն հերոսներին, ովքեր հայրենիքի համար մղվող գոյամարտերում անմնացորդ նվիրումով հայրենիքը գերադասեցին իրենց կյանքից: Վերջին պատերազմում նրանց թվում էին նաև մեր փաստաբան գործընկերների որդիները՝ Լևոն Լևոնյանը, Միքայել Դանիելյանը և Հրաչիկ Ավետիսյանը:
Խոնարհում ու խնկարկում նրանց պայծառ հիշատակին։
Ծանր կորուստներից հետո, այսօր էլ Հայաստան աշխարհը կանգնած է խաղաղությանը սպառնացող նոր մարտահրավերներին դիմակայելու լրջագույն խնդիրների առջև, և մեր մեծագույն հույսը շարունակում է մնալ հայոց մարտունակ Բանակն՝ իր խիզախ հայորդիներով:
Պատմական անժխտելի փաստերը վկայում են, որ Հայոց բանակը կարող է նոր հաղթանակներ կերտել, կարող է իրականացնել Հայաստանն ու Արցախը վերամիավորելու բոլորիս մեծագույն երազանքը՝ հետևելով հզոր ու միասնական հայրենիք ունենալու աննահանջ գաղափարին:
Աստված զորավիգ Հայոց բանակին և հայ զինվորին:
Հարգանքով՝
Սիմոն Բաբայան
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ