Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության կարևոր ձեռքբերումներից է. ՄԻՊ-ի ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ.
«Սիրելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի հարգելի՜ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեր բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ։
Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության կարևոր ձեռքբերումներից է, հայրենիքի անկախության և անվտանգության գլխավոր երաշխավորներից մեկը:
Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի առաջնային ուղղություններից է։ Այդ համատեքստում պարբերաբար այցեր եմ իրականացնում զորամասեր և զինվորական այլ հաստատություններ, հանդիպում եմ զինծառայողների հետ՝ նպատակ ունենալով նրանց իրավունքների պաշտպանությանը միտված առավել արդյունավետ կառուցակարգեր մշակել: Համակարգային խնդիրների հաշվառմամբ մշակվում են լուծման առաջարկներ և դրանք ներկայացվում են պետական իրավասու մարմիններին:
Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրավունքահեն գաղափարները զինված ուժերի տեսանկյունից ունեն բացառիկ կարևորություն։
Համոզված եմ՝ ինչպես ցանկացած համակարգ, այնպես էլ զինված ուժերը կարող են պատշաճ և արդյունավետ գործել` հիմնվելով բացառապես իրավունքի գերակայության սկզբունքի վրա։
Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ զինված ուժերի ներկայացուցիչներին մաղթում եմ բարի և խաղաղ ծառայություն»։