Դալտոնիզմ․ փոխանցվում է ժառանգաբար
Գունային տեսողության խանգարումների կամ գունակուրության դեպքում մարդը դժվարանում է տարբերակել գույները։
Բնածին գունակուրությունը բուժում չունի:
Խնդիրն ավելի հայտնի է «դալտոնիզմ» անվանմամբ, սակայն կարող է զարգանալ նաև գլխուղեղի կամ աչքերի վնասումից կամ ախտահարումից:
Դալտոնիզմը փոխանցվում է ժառանգաբար՝ հորից, իսկ աղջկա միջոցով՝ թոռանը։
Գունակուրության երեք տեսակ կա: Ընդ որում, յուրաքանչյուր գույնի ընկալման նկատմամբ զգայնության նվազման աստիճանը կարող է նույնը չլինել։
Կարմիր-կանաչ գունակուրություն. գունակուրության ամենահաճախ հանդիպող տեսակն է, որը սովորաբար բնածին է և գլխավորապես հանդիպում է տղամարդկանց մոտ: Նման դեպքերում մարդիկ դժվարանում կամ ընդհանրապես չեն կարողանում կարմիր գույնը տարբերակել կանաչից:
Կապույտ-դեղին գունակուրություն. նախորդից ավելի հազվադեպ հանդիպող վիճակ է, երբ մարդիկ դժվարանում կամ ընդհանրապես չեն կարողանում կապույտ գույնը տարբերակել դեղինից:
Ամբողջական գունակուրություն. գունային տեսողության լրիվ բացակայությունը կոչվում է լրիվ գունակուրություն (մոնոխրոմազիա), որի դեպքում շրջապատի առարկաներն ընկալվում են սև-սպիտակ երանգներով։ Սա խիստ հազվադեպ հանդիպող վիճակ է:
Գունային տեսողության խանգարումները կամ գունակուրությունն ախտորոշվում է ակնաբույժի կողմից՝ գունային տեսողության ստուգման միջոցով: Այս նպատակի համար օգտագործվում են պատկերազարդ հատուկ քարտեր, որոնց վրա կան գունավորված կլոր դաշտեր:
Գունային տեսողության ձեռքբերովի խանգարումներ առաջացնող հիվանդությունների ժամանակին բուժումը շատ դեպքերում հնարավորություն է տալիս վերականգնել ճիշտ գունազգացողությունը, սակայն բնածին խանգարումների բուժման եղանակներ դեռևս չկան:
Դալտոնիզմով տառապող մարդկանց օրգանիզմում աստիճանաբար առաջանում է գույներն ըստ պայծառության աստիճանի տարբերելու ունակություն, որի ընթացքում կարևոր նշանակություն է ստանում կյանքի փորձը, առարկայի իսկական գույնն իմանալը։ Ուստի դալտոնիզմով տառապող մարդիկ իրենց արատի մասին հաճախ առաջին անգամ տեղեկանում են ակնաբույժի հետազոտությունից հետո։
Շրջապատող աշխարհի գունապատկերի աղավաղված ընկալումը կարող է առօրյա կյանքում առաջացնել որոշակի խնդիրներ:
Դժվարություն կարող է ստեղծել կամ անհնարին դառնալ մասնագիտական որոշ աշխատանքների կատարումը, օրինակ՝ վարորդություն, գրաֆիկական դիզայներություն և այլն:
Եթե առկա է գույները միմյանցից տարբերակելու խնդիր, ապա անհրաժեշտ է դիմել ակնաբույժին: Նա կարող է օգտակար խորհուրդներ տալ՝ ինչպես հարմարեցնել առօրյա կյանքը ստեղծված իրավիճակին, փոխանցում է Aysor.am-ը։