Դատարանների նկատմամբ ատելությունը Կարեն Անդրեասյանի մոտ դեռ վաղ պատանեկան տարիքից է․ պատճառներն ինձ վաղուց են հայտնի․ Արսեն Բաբայան․ «Փաստինֆո»
Դատարանների նկատմամբ ունեցած ատելությունը Կարեն Անդրեասյանի մոտ դեռ վաղ պատանեկան տարիքից է, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ-ում գործող 51 դատարաններից 9 նստավայրի փակման վերաբերյալ որոշմանը։
Նստավայրերի փակման մասին ԲԴԽ-ն հայտարարեց, երբ հայտնի դարձավ սահմանամերձ Մեղրիի նստավայրի փակվելու մասին։ ԲԴԽ-ն որպես արդարացում նշեց, թե որոշ նստավայրեր անմխիթար վիճակում են, ու որոշում է կայացվել 9 նստավայրեր՝ Աշոցքի, Տաշիրի, Թալինի, Արթիկի, Մարտունու, Վեդու, Եղեգնաձորի, Սիսիանի և Մեղրիի նստավայրերի փակվելու մասին։
«Նշված նստավայրերից Աշոցքում և Մեղրիում տևական ժամանակ չի եղել մշտապես տեղակայված դատավոր, բայց այդ դատարանի շենքերում կատարվել են կոմունալ և պահպանության ծախսեր, իսկ դատական ծառայողները պետական բյուջեից ստացել են աշխատավարձ, բայց մատնված են եղել մասնակի կամ ամբողջական պարապուրդի։ Մյուս 7 նստավայրերում գործել են մեկ կամ երկու դատավորներ, այս դատարանները ևս բավարար չափով ծանրաբեռնված չեն գործել, և տեղի է ունեցել պետական ռեսուրսների ավելորդ ծախս: Կարևոր է նաև ընդգծել, որ 9 նստավայրերից 8-ն այնպիսի անմխիթար շենքային պայմաններում են գործել, որ պարզապես հարիր չեն դատարանի բարձր դիրքին, և այնտեղ մտնող քաղաքացիների համար վնասում էին դատարանի հեղինակությանը»,- նշել էր ԲԴԽ-ն՝ հավելելով որ այս որոշումների արդյունքում պետությունը կխնայի տարեկան շուրջ 200 միլիոն ՀՀ դրամ:
Փաստացի՝ բարեփոխումների քողի ներքո որոշում է կայացվել ոչ թե շենքային պայմանները բարելավելու, այլ՝ նստավայրերն առհասարակ փակելու մասին։ Ընդ որում, եթե այդ նստավայրերում գործող դատավորներին այլ նստավայրեր տեղափոխելու որոշում է կայացվել, ապա դատարաններում ծառայություն իրականացնող անձանց՝ դատական կարգադրիչների, աշխատակազմի ներկայացուցիչների ճակատագիրը պարզ չէ։
Փաստաբան Արսեն Բաբայանը, սակայն, այս որոշումը «բնական» է համարում։
«Ես շատ բնական եմ ընդունում Կարեն Անդրեասյանի այս որոշումը։ Իսկ մինչ օրս ի՞նչ է ստեղծել կամ կառուցել այդ մարդը։ Ոչինչ։ Դատարանների նկատմամբ ունեցած ատելությունը Կարեն Անդրեասյանի մոտ դեռ վաղ պատանեկան տարիքից է։ Պատճառներն ինձ վաղուց են հայտնի, բայց կարծում եմ՝ իմաստ չունի բարձրաձայնելը։ Այդ ատելությունը ես տեսել եմ դեռևս այն ժամանակներից, երբ ինքը Մարդու իրավունքների պաշտպանն էր։ Հիմա նա իր երանելի տարիներն է ապրում. վերջապես ստացել է դատարանները քանդելու հնարավորություն։ Իսկ այդ նստավայրում ծառայություն իրականացնողների հետ ինչ կլինի, ուր կգնան, ինչպես կապրեն, այդ հարցերը բոլորովին չեն հետաքրքրում ո՛չ Կարեն Անդրեասյանին, ո՛չ իր քաղաքական իշխանությանը։ Կարևորը, որ իր նստավայրում տաք լինի, որ հանկարծ չհիվանդանա ու դրա պատճառով թեկուզ մեկ օր չզրկվի դատական իշխանությանը վնասելու իր երազանքն իրականացնելուց»,- ասել է Արսեն Բաբայանը։
Այս որոշումը, փաստաբանի դիտարկմամբ, ստեղծելու է նոր դժվարություններ, նոր սոցիալական բեռ է դրվելու այդ համայնքների բնակիչների ուսերին։
«Մեր գրասենյակը մի գործ ունի Թալինի նստավայրում, որը նույնպես պետք է փակվի։ Կողմերը մոտակա բնակավայրից են։ Իմ վստահորդն էլ սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքի ներկայացուցիչ է։ Ամեն ամիս նիստեր ենք ունենում։ Փաստորեն, այսուհետ այդ մարդը ստիպված է լինելու Թալինից հասնել Աշտարակ, որպեսզի կարողանա պաշտպանել իր՝ որպես հանցագործությունից տուժածի, իրավունքները»,- նշել է փաստաբանը։
Դիտարկմանը, որ Դատական դեպարտամենտի պարզաբանմամբ՝ դրանք փակելով 200 մլն դրամ գումար են խնայում տարեկան, բայց որքանով է դա արդյունավետ տարբերակ՝ նկատի ունենալով նաև, որ օրինակ, կալանավորներին այլ դատարաններ տեղափոխելը ևս կարող է մեծացնել ծախսերը, Բաբայանն արձագանքել է՝ նշելով․ «Իսկ հաշվե՞լ են, թե որքան գումար կտնտեսվի, եթե փակվի Կարեն Անդրեասյանի ղեկավարած բարձրագույն դատական խորհուրդը։ Մոտավոր հաշվարկներով՝ մեկ միլիարդ դրամից ավելին։ Ավելին, այդ կառույցի փակմամբ, բացի ֆինանսական խնայողությունից, մեծ օգուտ կլինի ամբողջ դատական իշխանությանը։ Այդ կառույցը մինչ օրս աչքի է ընկել միայն օբյեկտիվ և արդար դատավորներին պատժելով, միաժամանակ՝ իրենց սիրելի և փաստաբանական համայնքին հայտնի վատագույն դատավորներին խրախուսելով»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։