Եթե Մերձավոր Արևելքում կրքերը հնարավորինս շուտ չհանդարտեցվեն, իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա նաև Հարավային Կովկասում․ Արմեն Գևորգյան
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հունվարի 23-ին կայացած «Վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում. ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակումն Իսրայելի վրա և Իսրայելի պատասխանը» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հանդես է եկել ելույթով.
«Ցավոք, բռնությունը դարձել է ոչ միայն ահաբեկչական խմբավորումների և ավտորիտար պետությունների, այլև՝ ժողովրդավարական կառավարությունների ծրագրերի իրականացման հիմնական մեխանիզմներից մեկը։ Քանի որ ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն և այլ միջազգային կազմակերպություններ կորցնում են իրենց արդիականությունն ու ազդեցությունը, ի հայտ են գալիս ավտորիտարիզմի և ժողովրդավարության միջև համերաշխության անընդունելի ձևաչափեր, որոնք հաճախ հիմնված են զենքի և նավթի միության վրա։
Փորձագիտական կարծիք կա, որ, օրինակ, Հայաստանի հետ տարաձայնությունները ոչ թե դիվանագիտական, այլ՝ պատերազմական ճանապարհով լուծելու Իլհամ Ալիևի որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ իսրայելական ընկերությունները համաձայնել են նրան նորագույն ռազմական տեխնոլոգիաներ վաճառել։ Բաց աղբյուրների համաձայն՝ 2016-2020 թվականներին, Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի մեկնարկից անմիջապես առաջ, Իսրայելին բաժին է հասել Ադրբեջանի «հիմնական զենքի» ներմուծման գրեթե 70 տոկոսը։
Իսրայելը, հավանաբար, արդարացնում է Ադրբեջանի հետ զենքի առևտուրը՝ հիմնվելով «զենք՝ էներգակիրների դիմաց» հաշվարկների կամ հակաիրանական քաղաքականության հարցում համագործակցելու Ադրբեջանի պատրաստակամության վրա: Այդ իսկ պատճառով իսրայելցի քաղաքական գործիչները, լինելով ժողովրդավարական պետության ներկայացուցիչներ, պետք է պատասխանեն մի շատ կարևոր հարցի. կա՞ տարբերություն ՀԱՄԱՍ-ի և Ադրբեջանի միջև, երբ խոսքը ցեղասպանության մտադրության մասին է, և տարբեր են միայն նրանց քաղաքականության թիրախները: Բացի այդ, Իսրայելի քաղաքական վերնախավերն այսօր պետք է ապահովեն այդ սուրբ հողի բնիկների խաղաղ համագոյակցությունը: Այլապես հին Երուսաղեմում հայկական եկեղեցուն իր պատմական ժառանգությունից զրկելու շարունակվող փորձերը չունեն բացատրություն։
Մենք պետք է հնարավորինս շուտ հանդարտեցնենք կրքերը Մերձավոր Արևելքում։ Եթե դա տեղի չունենա, իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա նաև Հարավային Կովկասում, որտեղ թուրք-ադրբեջանական դաշինքը պարզապես սպասում է տարածաշրջանային մեծ քաոսի՝ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի նպատակով։
Ես խստորեն դատապարտում եմ ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա և ուզում եմ տեսնել Եվրոպայից տարածաշրջան եկող ազդակներ, որոնք բոլոր կողմերի համար պետք է լինեն հստակ, համոզիչ և առանց երկակի ստանդարտների նշույլի։ Հակառակ դեպքում պատերազմական գոտու ընդլայնումն անխուսափելի է՝ «Այն, ինչ թույլատրելի է Իսրայելին, կարելի է նաև մեզ» տրամաբանությամբ»։