Արմավիրի մարզպետն աշխատանքային այցով եղել է մարզի մի շարք համայնքներում
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի և Վահագն Ալեքսանյանի հետ աշխատանքային այցով եղել է մարզի մի շարք համայնքներում՝ հետևելու պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին և արդյունքներին։ Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:
Առաջին կանգառն Արաքս համայնքի Գայ բնակավայրն էր, որտեղ այցելել են շահագործման հանձնված մանկապարտեզ, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին, շենքային և գույքային պայմաններին: Սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզի արժեքը 328․0 մլն դրամ է, որի ֆինանսավորումն իրականացվել է 50% կառավարության և 50% համայնքի համաֆինանսավորմամբ:
Հաջորդիվ դիտարկվել է Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցումը: Ծրագրի արժեքը 472․25 մլն դրամ է, ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից: Շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են:
Շրջայցի վերջին կանգառը Արմավիր համայնքի Այգեվան բնակավայրն էր, որտեղ այցելեցին «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ: Մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ էին: Ծրագրի արժեքը 920․0 մլն դրամ է, որը նույնպես ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
Կառուցվող բոլոր օբյեկտներում շինարարների հետ զրույցում կարևորվել է շինարարական թերությունների վերացման քայլերը, աշխատանքների բարձր որակը, ժամկետների պահպանումը: