Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսությունը վերջին տարիներին ամրապնդվել է և ունի կարևորագույն նշանակություն. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 26-ին մասնակցել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի 75-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ողջունելով ներկաներին` Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին իրենց հատուկ օրը մեծարելու և որպես գլխավոր հյուր ներկա գտնվելու համար: Բացման խոսքում ԱԺ նախագահը ջերմորեն շնորհավորել է տիկին դեսպանին, դեսպանության անձնակազմին, Հայաստանում հնդիկ համայնքին և բարեկամ հնդիկ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ և նշել, որ ժողովրդավարությունն ու սահմանադրականությունը դրված են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքում:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ հայ-հնդկական բարեկամությունն ունի դարերի պատմություն և այդ ավանդույթների վրա էլ կառուցվել են մեր երկրների միջև հարաբերությունները:
«Այսօր ականատես ենք բարեկամ Հնդկաստանի հետ մեծ համագործակցությանը: Մենք սեր և հարգանք ենք տածում մեր հնդիկ քույրերի ու եղբայրների հանդեպ, որոնք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»,- ընդգծել է ԱԺ նախագահը:
Խորհրդարանի ղեկավարը հավելել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսությունը վերջին տարիներին ամրապնդվել է և ունի կարևորագույն նշանակություն: Նոր թափ է հաղորդվել առևտրին, նոր ծավալներ ու հաջողություններ են գրանցվել կրթության, գիտության, մշակույթի ու այլ ոլորտներում:
«Էապես կարևորում ենք նաև շփումները խորհրդարանական դիվանագիտության բնագավառում: Մենք պատրաստ ենք ակտիվացնել երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունները»,- ասել է ԱԺ նախագահը:
Ավարտելով խոսքը՝ Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ արագընթաց փոփոխվող աշխարհում համատեղ ջանքերով մենք կկարողանանք ամրապնդել Հայաստանի ու Հնդկաստանի միջև սերտ բարեկամությունը, ընդլայնել տարբեր ձևաչափերում մեր համագործակցությունն ու էապես բարելավել երկու երկրների միջև հարաբերությունները:
Պատմական հոբելյանի առթիվ ԱԺ նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է բարեկամ հնդիկ ժողովրդին՝ մաղթելով բարգավաճում և առաջընթաց բոլոր բնագավառներում: