Քրիստոնյան կոչված է քաջության, ճշմարտության, արդարության, անկաշառության, օգտակարության, սիրելուն, հավատք փոխանցելուն, հույս ներշնչելուն․ Բագրատ Սրբազան
Հատված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզից․
«Անիրավությունից հեռու լինի ամեն ոք, ով կրում է Տիրոջ անունը։
Ովքե՞ր են Տիրոջ անունը կրողները։ Մեր ընհանրական արտահայտությունը հենց դա է՝ Տիրոջ անունը կրողներ՝ քրիստոնյաներ։
Եվ նաև պատգամում է մեզ Առաքյալը, ասում է՝ ճշմարտության մասին խոսիր, մի՛ վախեցիր դրանից, խոսիր ճշմարտության մասին՝ որպես փորձված մշակ, որն անցել է, անցնում է այդ ճշմաարտության միջից։
Սա է նկարագիրը Տիրոջ անունը կրողների։
Թշվառները, խեղճերը, տկարները, վախկոտները, ստախոսները, խաբեբաները, մոլորեցնողները չեն կարող լինել Տիրոջ անվան մեջ, որքան էլ իրենց տեսքը և արտահայտության միջոցները մեզ նույնը թվան կամ համապատասխան թվան Տիրոջ անվան հետ։
Քրիստոնյան կոչված է քաջության, ճշմարտության, արդարության, անկաշառության, ուղղամտության, օգտակարության, ձեռքը բռնելուն, ոտքի կանգնեցնելուն, սիրելուն, հավատք փոխանցելուն, հույս ներշնչելուն, մարդկանց հետ այդ ճանապարհով քայլելուն և չհոգնելուն այդ ճանապարհից, չտրտնջալու, ի վերջո, նպատակ սահմանելով կյանքում՝ թե՛ իր հավիտենական փրկության, և թե՛ այս կյանքում պատվով ապրելու գոյության։
Եթե այս բոլորին հակառակ է կյանքը, նշանակում է՝ մենք քրիստոնյայի կյանք չունենք»։