Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է՝ Ռուսաստանի կողմից սպառնալիք չի տեսնում
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ այս պահին Ռուսաստանի կողմից սպառնալիք չի տեսնում ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի որևէ գործընկեր երկրի նկատմամբ։
«Ներկայում ՆԱՏՕ-ի տարածքի կամ ՆԱՏՕ-ի գործընկերներից որևէ մեկի վրա Ռուսաստանի կողմից հարձակման սպառնալիք չեմ տեսնում»,- ասել է Պիստորիուսը՝ Bild-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ այժմ Ռուսաստանը կենտրոնացած է հատուկ ռազմական գործողության անցկացման վրա, «իսկ այլ խոշորամասշտաբ արշավների պատրաստելու համար Մոսկվային մի քանի տարի հարկավոր կլինի»։
Միևնույն ժամանակ Գերմանիայի պաշտպանության նախարարը նշել է, թե «Ռուսաստանին զսպելու մեխանիզմ է անհրաժեշտ՝ Սառը պատերազմի ժամանակ եղածի օրինակով»։
«Իսկ Սառը պատերազմը շատ ավելի կանխատեսելի էր, քան այն իրավիճակը, որում այսօր ենք գտնվում»,- ասել է նա։
Նշենք, որ ավելի վաղ էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էր հայտարարել, որ ՆԱՏՕ-ն ներկայումս Ռուսաստանի կողմից անմիջական սպառնալիք դաշինքի անդամներից որևէ մեկի դեմ, չի տեսնում։