Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնող որոշումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին խորհրդարանի ընդունած որոշումը:
Թուրքիան այսպիսով դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի նախավերջին երկիրը, որը հաստատել է Շվեդիայի անդամակցությունը: Արձանագրությունը չվավերացրած միակ երկիրը Հունգարիան է:
Թուրքիան մի շարք նախապայմաններ էր առաջ քաշել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու համար: Բացի Ստոկհոլմին ներկայացված պահանջներից՝ թուրքական կողմը Վաշինգտոնից ակնկալում է «F-16» կործանիչների ձեռքբերման գործարքի հաստատում:
Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել էր Կոնգրեսին՝ խնդրելով հավանություն տալ Թուրքիային 20 մլրդ դոլար արժողությամբ «F-16» կործանիչների և արդիականացման լրակազմերի վաճառքին: