Հավատալ, թե Ադրբեջանի իշխանությունն ունի Հայաստանի հետ խաղաղ ապրելու մտադրություն, պարզապես իրավիճակին չտիրապետելու արդյունք է․ Արման Թաթոյան
Հավատալ, թե Ադրբեջանի իշխանությունն ունի Հայաստանի հետ խաղաղ ապրելու մտադրություն, պարզապես իրավիճակին չտիրապետելու արդյունք է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը․
«Ադրբեջանը կոնկրետ քայլերով խորացնում է Հայաստանի զավթման իր ծրագիրը։
Երեկ իշխանական Baku TV հեռուստաընկերությամբ՝ ՀՀ Շիրակի մարզում գտնվող Հայոց հինավուրց Հառիճավանքը ներկայացված է՝ որպես Ադրբեջանին պատկանող 5-րդ դարի թուրքական-քրիստոնեական վանք։
Պատկերացնու՞մ եք՝ ինչ աստիճան է խորացրել զավթողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, այսինքն՝ հերիք չէ 5-րդ դարում գոյություն է ունեցել «Ադրբեջան» պետություն, դեռ մի հատ էլ քրիստոնեական վանքեր ու եկեղեցիներ են ունեցել։
Այդ տեսանյութում հորինված է մի ամբողջ կեղծ պատմություն, թե իբր Հայաստանի Արթիկ համայնքը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի մաս է։
Տեսանյութը հիմնված է հայերի «ջարդարար» լինելու կեղծ պատմությունների վրա, թե իբր «Հայաստանում պետք է բնակեցվեն արևմտյան ադրբեջանցիներ», որի իրական նպատակը Հայոց հազարամյա պատմության ու Հայաստանի զավթումն է։
Ցուցադրված է ադրբեջանական իշխանության ոչ միայն հայատյաց, այլ նաև քրիստոնեատյաց քաղաքականությունը։
Այս պայմաններում հավատալ, թե Ադրբեջանի իշխանությունն ունի Հայաստանի հետ խաղաղ ապրելու մտադրություն, պարզապես իրավիճակին չտիրապետելու արդյունք է կամ հետապնդում է կոնկրետ քաղաքական նպատակներ»,- գրել է Թաթոյանը։