Հունգարիայի խորհրդարանում հրատապություն չեն տեսնում ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի վավերացման հարցում
Հունգարիայի պետական ժողովի (խորհրդարանի) խոսնակ Լասլո Կյովերը հայտարարել է, որ հրատապություն չի տեսնում ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի հաստատման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Ես առանձնահատուկ հրատապություն չեմ զգում: Ավելին, չեմ կարծում, որ սա արտակարգ իրավիճակ է», - ասել է Լասլո Կյովերը հունգարական կայքերից մեկին հարցազրույցում:
Թուրքիայի խորհրդարանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը հաստատել էր հունվարի 23-ին։ Այն այժմ պետք է վավերացնի Թուրքիայի նախագահը։ Հունգարիան միակ երկիրն է, որ դեռ չի վավերացրել Ստոկհոլմի հայտը։ Անդամակցության համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր 31 անդամ երկրների հավանությունը։
Ներկայում Հունգարիայի խորհրդարանի աշխատանքում ընդմիջում է: Հունգարիայի ընդդիմադիր սոցիալիստական կուսակցությունն այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ ցանկանում է արտահերթ նստաշրջան հրավիրել՝ հաստատելու ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հունվարի 24-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնել էր, որ Հունգարիայի կառավարությունը խորհրդարանին կոչ կանի հնարավորինս արագ վավերացնել Շվեդիայի անդամակցությունը դաշինքին։