Հութիները հայտարարել են ամերիկյան մի քանի ռազմանավեր գնդակոծելու մասին
Եմենի հութիները հայտարարել են ԱՄՆ-ի մի քանի ռազմանավերի հետ բախվելու մասին․ այդ ռազմանավերը փորձել են պաշտպանել ամերիկյան երկու առևտրային նավերն Ադենի ծոցում և Բաբ էլ Մանդեբի նեղուցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Al Mayadeen հեռուստաալիքը։
Եմենի զինված ուժերի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Յահյա Սարին հայտարարել է, որ մարտի ժամանակ ուղղակիորեն խոցվել է ԱՄՆ ռազմանավը, իսկ երկու առևտրային նավերն ստիպված են եղել «նահանջել ու վերադառնալ»։
«Մեր բալիստիկ հրթիռներից մի քանիսը խոցել են իրենց թիրախները, չնայած դրանք կալանելու՝ ռազմանավերի փորձերին», - ասվում է հութիների հայտարարության մեջ:
Սա հակասում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հայտարարությանը, որում ասվում է, որ հութիների կողմից իրենց նավերի ուղղությամբ արձակված երեք հրթիռներից ոչ մեկը չի խոցել թիրախը:
«Մեկ հրթիռ ընկել է ծովը, մյուս երկու հրթիռները հաջողությամբ կալանվել և խոցվել են ամերիկյան USS Gravely (DDG 107) նավի կողմից», - հաղորդում է հրամանատարությունը։
Նոյեմբերի կեսերից հութիներն ավելի քան 30 հարձակում են գործել միջազգային և առևտրային նավերի վրա։ Խռովարար շարժումը հայտարարել էր, որ կթիրախավորի Իսրայելի հետ կապված նավերը, մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունները չդադարեն։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան վերջին շաբաթների ընթացքում մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիներին պատկանող ռազմական օբյեկտներին, այդուհանդերձ, հութիների հարձակումները չեն դադարել։