Հյուսիսային Կորեան հայտնել է նոր տեսակի թևավոր հրթիռի առաջին փորձարկումների մասին
Հյուսիսային Կորեան հունվարի 24-ին իրականացրել է «Փուլհվասար-3-31» նոր տեսակի ռազմավարական թևավոր հրթիռի առաջին փորձնական արձակում, որը գտնվում է մշակման փուլում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փորձարկումները կատարել է ԿԺԴՀ հրթիռաշինության գլխավոր վարչությունը։
«Արձակումը ոչ մի ազդեցություն չի գործել շրջապատի երկրների անվտանգության վրա և ոչ մի առնչություն չունի տարածաշրջանի իրադրության հետ», - մեջբերում է ՏԱՍՍ-ը հատված Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հրապարակումից։
Արձակման մասին այլ տվյալներ չեն հաղորդվում:
Վարչությունը տեղեկացրել է, որ ընթացիկ փորձարկումներն իրականացվել են ԿԺԴՀ-ի «սպառազինությունների համակարգերի նորացման շարունակական գործընթացի» շրջանակներում։
Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԿԺԴՀ-ն հունվարի 24-ին մի քանի թևավոր հրթիռների արձակում է իրականացրել Դեղին ծովի ուղղությամբ։