ԱՄՆ-ն ու Իրաքը բանակցություններ կսկսեն միջազգային կոալիցիայի ուժերի դուրսբերման շուրջ․ Reuters
Վաշինգտոնը և Բաղդադը պատրաստ են բանակցություններ նախաձեռնել Իրաքում տեղակայված ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ուժերը դուրս բերելու և «այն երկկողմ հարաբերություններով փոխարինելու շուրջ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր չորս աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ Իրաքում ԱՄՆ դեսպան Ալինա Ռոմանովսկին հունվարի 24-ին նամակ է հանձնել հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնին, որում ԱՄՆ-ն հրաժարվել է այն նախապայմանից, որ ուժերի դուրսբերումից առաջ նախ պետք է դադարեն իրաքյան աշխարհազորային խմբերի հարձակումներն ԱՄՆ ուժերի դեմ։
Իր հերթին Իրաքի ԱԳՆ-ն հայտնել է, որ ստացել է «կարևոր» նամակ, որը կուսումնասիրի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանին։ Նախարարությունը մանրամասներ չի հայտնել։
Reuters-ը նշում է, որ բանակցությունները կարող են տևել մի քանի ամիս, և դրանց ելքն առայժմ հստակ չէ։
ԱՄՆ-ն 2500 զինծառայող ունի Իրաքում, որոնք տեղի ուժերին խորհրդատվություն են տրամադրում և օժանդակում, որպեսզի թույլ չտան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը գլուխ բարձրացնել տարածաշրջանում։ Եվրոպական և այլ երկրների հարյուրավոր զինծառայողներ նույնպես Իրաքում են՝ որպես ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի մաս։
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում Իրաքում և Սիրիայում տեղակայված ամերիկյան ուժերը շուրջ 150 անգամ հարձակման են ենթարկվել Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայինների կողմից, որոնց ԱՄՆ-ն պատասխան հարվածներ է հասցրել։
Հունվարի 5-ին ալ-Սուդանին ասել էր, որ միջազգային կոալիցիոն ուժերի ներկայության հիմնավորումն ավարտվել է, և Բաղդադը մտադիր է կոնկրետ քայլեր ձեռնարկել երկրում օտարերկրյա զինվորականների ներկայությանը վերջ տալու համար։