«Հայ փոքրիկ երգիչների» փաստաբանի ներկայացրած բողոքի քննությունը հանձնարարվել է դատավոր Ավագյանին, ով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի քրոջ ամուսինն է
Սույն թվականի հունվարի 26-ին ժամը 16.30ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում /Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխվյան 20/ տեղի կունենա «Հայ փոքրիկ երգիչներ» կազմակերպությանը պատկանող՝ Երևանի Արամի 23 հասցեի հուշարձան-շենքի հարակից հասցեում ապօրինի շինարարության վերաբերյալ դատական նիստ։ Այդ մասին տեղեկացնում է «Հայ փոքրիկ երգիչներ»-ի փաստաբանական թիմը։
«Այդ ապօրինի շինարարության հետևանքով մասնակի փլուզվել է Արամի 23 հասցեի շենքը։ Այս կապակցությամբ հարուցվեց քրեական գործ, որի հիմնական քննությունը կատարեց քննիչ Խաչատուր Գալստյանը։ Վերջինս մոտ 5 տարի գործը անհարկի ձգձգելուց հետո հիմնական մեղադրյալների ցանկից ապօրինաբար հանեց շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի "Օլդ սիթի" ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Մաչանյանին, մնացած մասով քրեական գործն ուղարկեց դատարան, ապա այդ մասն անհիմն կերպով կարճեց։
Ընդ որում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված բոլոր բողոքները և դիմումները մնացին անհետևանք։
«Հայ փոքրիկ երգիչներ»-ի փաստաբան Արթուր Մանուկյանը այդ քրեական գործը վերաբացելու և Գևորգ Մաչանյանին մեղադրյալների ցանկում ներգրավելու հարցով դիմեց դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Բալայանը և Նելլի Բաղդասարյանը որոշումներ կայացրին Գևորգ Մաչանյանի և ընդհանուր քրեական գործի կարճման որոշումները վերացնելու մասին, իսկ դրանց դեմ դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվեցին։
Դրանից հետո ձևական նախաքննություն կատարվեց, սակայն քննիչն ու դատախազը դարձյալ անհիմն կերպով կարճեցին քրեական գործը և վերացրին Գևորգ Մաչանյանի մեղադրանքը։
ՀՓԵ-ի փաստաբանը դարձյալ բողոքարկել է այս որոշումները դատարան։ Տարօրինակ կերպով այս անգամ բողոքի քննությունը հանձնարարվել է դատավոր Հ.Ավագյանին, ով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի քրոջ ամուսինն է»,- նշված է հաղորդագրությունում: