Ձնամաքրման աշխատանքները խայտառակ թերի կերպով են իրականացնում. Գառնիկ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ քննարկվեց ճանապարհների որակի և մաքրման աշխատանքների հարցը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը փորձեց արդարանալ, թե՝ հիմա տեխնիկան աղը ընդհանուր է լցնում, ու մարդիկ ասում են՝ ցանված չէ։
Ըստ Սանոսյանի՝ առաջ բահերով էին լցնում, իսկ այժմ՝ նոր տեխնիկաներ են գործածվում։
Այս խոսքերը չեն համապատասխանում իրականությանը։
Օրերս՝ ԱԺ-ում, հարցուպատասխանի ժամանակ, հնչեցրի հարցեր, որոնք վերաբերում էին ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների խայտառակ ցածր որակին։
Բարձրաձայնեցի նաև, որ ճանապարհների մաքրման աշխատանքներին ներգրավված են 30-40 տարվա հնության մեքենաներ, չնայած այն հանգամանքին, որ կա Կառավարության 1826 - Ն որոշում, որի համաձայն ճանապարհների սպասարկման աշխատանքներում պետք է ներգրավվեն միայն 15 և ավելի փոքր տարիք ունեցող մեքենաներ։
Ամբողջ հանրապետությունում ձնամաքրման աշխատանքները խայտառակ թերի կերպով են իրականացնում։ Շատ ճանապարհներ ընդհանրապես չեն մաքրվում։
Ողջ համացանցը ողողված է քաղաքացիների կողմից նկարահանված տեսանյութերով, թե ինչպես են տրանսպորտային միջոցները երթևեկում սարսափելի վտանգավոր պայմաններում։
Տեսանյութը՝ համացանցից»: