Bentley-ով առյուծին զբոսանքի տանելու համար ձերբակալվել է կենդանու սեփականատերը
Թաիլանդում ձերբակալել են կնոջը, որի առյուծին Պատայա քաղաքում զբոսանքի էին հանել բաց տանիքով Bentley մեքենայով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։
Առյուծի զբոսանքի տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում։ Կենդանին պատկանում է մի կնոջ, սակայն մեքենան վարել է շրիլանկացի մի տղամարդ, որը տեղի ունեցածից հետո լքել է երկիրը։
Թաիլանդում առյուծ ունենալն օրենքով արգելված չէ, սակայն այն պետք է պաշտոնապես գրանցված լինի։ Կինը հայտարարել է, որ առյուծին գնել է թաիլանդցի մի տղամարդուց, որն էլ կենդանուն տեղափոխել է Պատայա քաղաք։ Սակայն նախքան կենդանու տեղափոխումը պաշտոնյաները համապատասխան ստուգումներ չեն անցկացրել, ինչի պատճառով թե՛ կենդանու տեղափոխումը, թե՛ նրա սեփականաշնորհումը համարվում են անօրինական։
Կնոջը մեղադրում են առանց թույլտվության կենդանի ունենալու համար։ Նրան սպառնում է մեկ տարվա ազատազրկում և մոտ 2800 ԱՄՆ դոլարի տուգանքի վճարում։
Ոստիկանությունը ցանկացել է նաև մեղադրանք ներկայացնել շրիլանկացի տղամարդուն՝ վայրի կենդանուն հասարակական վայրեր տանելու համար, սակայն տղամարդն այլևս Թաիլանդում չէ։
Մեղադրանքներ կառաջադրվեն նաև առյուծն առանց թույլտվության վաճառող տղամարդուն։
Ըստ պաշտոնյաների՝ Թաիլանդում ներկայում կա 224 առյուծ, որոնք օրինական սեփականատերեր ունեն։