Սամվել Բաբայանը տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների բիզնես-գործունեության վերաբերյալ. հայտարարություն
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել։
«Վերջին շրջանում մամուլում և սոցիալական մեդիայում շրջանառվում են Սամվել Բաբայանի կողմից, իբր թե, արցախցիներին հավաքագրելու և նրանց Արցախ վերադարձնելու վերաբերյալ տեղեկություններ։
Հաշվի առնելով խնդրի զգայունությունն ու հասարակական-քաղաքական շրջանակների կողմից այն կապիտալիզացնելու մեծ գայթակղությունը՝ հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանն անհատապես կամ համագործակցաբար չի զբաղվում նմանաբնույթ աշխատանքներով։
Փոխարենը նա Արցախի Հանրապետության ներկայացուցչական մարմնի և կառավարության քննարկմանն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և հայ բնակչության վերադարձի շուրջ համապարփակ մոտեցումներ։ Այդ մոտեցումներով առաջարկվել է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, վերջինիս օժտել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և հայ բնակչության վերադարձի շուրջ ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություններ վարելու իրավասությամբ։
Բացի այս, Սամվել Բաբայանն իր հանրային խոսքում մշտապես շեշտում է, որ բնակչության վերադարձի հնարավորության քննարկումն, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, արկածախնդրություն է։
Սամվել Բաբայանը ևս տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների բիզնես-գործունեության վերաբերյալ։ Այս կապակցությամբ կոչ է անում իրավապահ մարմիններին համապատասխան աշխատանքներ տանել այդ ուղղությամբ, իսկ արցախցի հայրենակիցներին հորդորում է չհավատալ ինքնակոչ փրկիչների ստահոդ խոստումներին և չնպաստել նրանց բիզնես-գործունեությանը»,- ասվում է հայտարարությունում։