Մարտին Ամիրխանյանը խոստովանել է՝ ինքն է հրկիզել Արիաննա Հովսեփյանի ավտոմեքենան
Քաղաքացի Մարտին Ամիրխանյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որտեղ տեղեկացրել է, որ ինքն է հրկիզել NewsPress.am կայքի տնօրեն Արիաննա Հովսեփյանի Range Rover Sport մակնիշի ավտոմեքենան։
«Հարգելի ընկերներ, բարեկամներ,
Ուզում եմ բոլորիդ ասեմ, որ Արիանայի մեքենայի վնաս տվողը ես եմ։ Ես ունեմ իմ անձնական պատճառը, որը որ դեռ հանրային խոսելը նպատակահարմար չեմ գտնում։
Մնացած բացատրություները կտամ ոստիկանությունում, որովհետև ես չեմ սիրում փախեփախ անել, դա իմը չի ու ես ինքս գնում եմ ինքնակամ ներկայանալու։ Հարգանքներս բոլորիդ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 25-ի գիշերը Ղազար Փարպեցու փողոցում Զորավար եկեղեցու մոտ հրդեհ է բռնկվել կայանված Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայում։ Կան կասկածներ որ ավտոմեքենան որը պատկանում է հասարակական գործիչ, NewsPress.am կայքի հիմնադիր տնօրեն Արիաննա Հովսեփյանին միտումնավոր հրկիզել են։