Ֆրանսիան մերժել է ՄԱԿ-ի ԱԽ-ում ինքնաթիռի խոցման հարցով հրատապ նիստ անցկացնելու Ռուսաստանի հայտը
Ֆրանսիան մերժել է Բելգորոդի շրջանում Իլ-76 ինքնաթիռի խոցման հետ կապված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրատապ նիստ անցկացնելու Ռուսաստանի հայտը: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ Ֆրանսիային մեղադրելով լիազորությունների չարաշահման համար:
Նշվում է, որ նիստը կարող է անցկացվել հունվարի 25-ին: Պոլյանսկու խոսքով՝ Ֆրանսիան փորձել է ժամանակ շահել Ուկրաինայի համար: Հիշեցնենք, որ Իլ-76 ինքնաթիռի խոցման համար, որը տեղափոխում էր ուկրաինացի ռազմագերիների, Մոսկվան մեղադրել է Կիևին:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Ուկրաինան պահանջում է ինքնաթիռի կործանման հանգամանքների միջազգային հետաքննություն: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «հստակեցնել փաստերը՝ հաշվի առնելով, որ ինքնաթիռի անկումը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում»: