Հաջողվել է վթարների և զոհերի որոշակի նվազեցում ունենալ. Փաշինյան
Ճանապարհային ցանցի և թունելների անվտանգության մակարդակը կբարձրանա, դրանց հնարավոր ռիսկերը կնվազեցվեն: Այս մասին որոշման նախագիծը Կառավարության հունվարի 25-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Ըստ նախարարի՝ առաջին կարգավորումը վերաբերում է ճանապարհային անվտանգության աուդիտին, այն է՝ ճանապարհային անվտանգության աուդիտը դառնում է պարտադիր պահանջ, ինչպես շինարարությունը սկսելուց առաջ, ընթացքում, այդպես էլ աշխատանքների ավարտից 1 տարի հետո:
«Առաջին փուլը նախատեսում ենք սկսել 2025 թվականի հուլիսից՝ միջպետական ճանապարհները, այնուհետև հերաթականությամբ՝ հանրապետական և տեղական ճանապարհները»,- ասաց նա:
Երկրորդ փոփոխությամբ առաջարկվում է ստեղծել ճանապարհների անվտանգային տվյալների կառավարման միասնական և ինտեգրված համակարգ, որում կներառվեն ճանապարհատրանսպորտային պատահարները, զոհվածների և վիրավորների հետ կապված ինֆորմացիայի հավաքումը, ճանապարհային երթևեկության մասով վարչական իրավախախտումները, ավտոմոբիլային տվյալների վերլուծությունը և այլն:
«Մենք հիմա տարբեր գերատեսչություններով ենք այս ինֆորմացիան վերլուծում, և նպատակն է, որ միասնական համակարգ լինի, որպեսզի կարողանանք վերլուծել: Կարևոր է, որ իրականացնենք պատահարների հանրային ծախսերի հաշվարկ»,- ասաց նախարարը և պարզաբանեց, որ խոսքը «վթարի արժեքի մասին» պատկերացում կազմելն է, ու երբ այդ ուսումնասիրությունն արվի, պարզ կլինի՝ մարդկային և ֆինանսական ինչ ռեսուրս է ծախսվում վթարի վրա, և գուցե կարիք կա ավելացնելու անվտանգային միջոցառումները այդ վթարները կանխելու նպատակով:
Երկրորդ փոփոխությունը վերաբերում է թունելների հետ կապված կարգավորումներին:
«Անվտանգային որոշակի պահանջներ ենք դնում՝ օդափոխության, լուսավորության, թունելներից տարհանման, հակահրդեհային համակարգերի հետ կապված»,- ասաց նախարարը և տեղեկացրեց, որ նախատեսվում է յուրաքանչյուր թունելի մասով ունենալ անվտանգության պատասխանատու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունը Կառավարության ուշադրության կենտրոնում է: «Լավ լուրն այն է, որ մենք այդ աշխատանքների արդյունքը նաև տեսնում ենք, որովհետև որոշակի մեթոդաբանությամբ աշխատել ենք, և տեսնում ենք, որ հաջողվել է վթարների և զոհերի որոշակի նվազեցում ունենալ»,- նշեց նա:
Փաշինյանը նաև հորդորեց խնդրին ստեղծագործաբար մոտենալ և պատմեց ՆԳ նախարարի ներկայացրած մի միջոցառման մասին, երբ ոստիկանությունը գնացել է ավտոկայաններ՝ ստուգելու միկրոավտոբուսների անվադողերը: Այն անվադողերով մեքենաները, որոնք մաշվածության բարձր աստիճան են ունեցել, թույլ չեն տվել դուրս գալ երթուղի:
«Եթե նրանք դուրս գային երթուղի, 10-ից 6-ը ճանապարհին երեկվա եղանակային պայմաններում հաստատ վթարի ենթարկվելու էր: Մենք չգիտենք՝ այս գործողության արդյունքում ինչքան կյանք ենք փրկել, ինչքան վիրավոր ենք փրկել, ինչքան միջադեպից ենք ազատվել»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև նկատեց՝ խնդիր կա ոչ միայն ճանապարհների անվտանգության, այլև դրանց որակի աուդիտի: 4 տարի առաջ կառուցված ճանապարհն այսօր այն վիճակում չէ, ինչ պետք է լիներ, ուստի պետք է երաշխիք, ստանդարտ ունենալ, թե հիմնանորոգված ճանապարհը քանի տարի պետք է առանց միջամտության ծառայի:
«Մենք պետք է բանաձև ունենանք, թե ինչ վիճակում պետք է լինի այդ ճանապարհը երթևեկության ինտենսիվությունից և այլնից [հետո]...»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ այս մասով խնդիրներից մեկը բեռնատարների գերբեռնվածություն է:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ միջազգային պրակտիկայում կա պայմանագրի մի ձև, երբ պետությունը կապալառու ընկերության հետ կնքում է երկարաժամկետ պայմանագիր, որտեղ ոչ թե կառուցում է ճանապարհը, այլ վճարում է, որ այդ ճանապարհը հիմնանորոգումից հետո ևս լինի առանց փոսերի, գծանշումներով, և այդ մասով պատասխանատուն շինարարն է, որն ամսվա կտրվածքով մոնիթորինգ է իրականացնում, եթե թերություններ են հայտնաբերվում, տուգանքներ են սահմանվում:
Այս մասով ՏԿԵ նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ-ում հիմնանորոգված ճանապարհները 3 տարվա երաշխիքային սպասարկման մեջ են:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ՀՀ-ում չկա ճանապարհի վրա մի կետ, որով երթևեկելիս չզգաս՝ ճանապարհը փոխվեց: Նա նաև նկատեց, որ փոսը վերացնելիս վերանորոգված ճանապարհներին սպասարկման արդյունքում կարկատաններ են առաջանում, իսկ փոսալցումների դեպքում սովորաբար փոսալցված հատվածը ավելի բարձր է լինում, քան բուն ճանապարհը: Փաշինյանը սա լուծման ենթակա խնդիր համարեց:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ ճանապարհաշինական մի ընկերությանը նվեր է ուղարկել, որովհետև վերջինս իր աշխատանքներն իրականացնելիս պահպանել է ստանդարտները: