«Հրապարակ». Արշակ Կարապետյանը կվերադառնա՞, թե՞ պայքարը կառաջնորդի ինչպես Լենինը
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով անցած տարվա հոկտեմբերին ազդարարեց քաղաքական նոր շարժում սկսելու մասին, ապա հայտարարվեց, որ ղեկավարելու է «Համահայկական ճակատ» շարժումը, թեպետ հրապարակային ակտիվ գործունեություն չի ծավալում, սակայն նրա կողմնակիցներն ակտիվ աշխատանքներ են սկսել իրականացնել Երեւանում եւ մարզերում։
Նրանք համակիրներ են հավաքագրում, մի քանի գրասենյակ են բացել Երեւանում եւ Էջմիածնում, առաջիկայում նախատեսում են նաեւ այլ մարզերում: Խոսակցություններ կան, որ Արշակ Կարապետյանը նաեւ լրատվամիջոց է ուզում բացել, որով կիրականացնեն իրենց քաղաքական թիմի պրոպագանդան։
Հիշեցնենք, որ հոկտեմբերից Արշակ Կարապետյանը մեկ-երկու անգամ ընդամենը «լայվ» է մտել, մի անգամ էլ Ռուսաստանի Դաշնությունից առցանց պատասխանել լրագրողների հարցերին: Նա մինչ օրս ՌԴ-ում է, եւ հայտնի չէ՝ Հայաստան կվերադառնա՞, թե՞ պայքարը կառաջնորդի դրսից` սպասելով հարմար պահի, ինչպես ժամանակին արել է հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Լենինը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: