Դատարանն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի վճիռ է կայացրել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ընդդեմ գործարար Գագիկ Ծառուկյանի՝ Սամվել Թադևոսյանի, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու Կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ փաստաբան Դ․ Մանթաշյանի քաղաքացիական գործով վճիռ է կայացրել։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Հայցվորները՝ Մարիամ Հարությունյանը, վերջինիս զավակները՝ Գոռ Խանդանյանն ու Ժասմենա Խանդանյանը, պատասխանողներից պահանջել են վերադարձնել վճարված ապրանքը՝ 2․224 և 2․225 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը։
Հայցադիմումը դատարանն ստացել է 30․03․2021-ին։
Հայցվոր կողմը որպես հայցի փաստական հիմքեր նշել է՝ քաղաքացի Յուրի Չանչուրյանի և Արտավազդ Խանդանյանի միջև 25.04.2002թ. կնքվել է բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի՝ Յուրի Չանչուրյանը Արտավազդ Խանդանյանին է վաճառել իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ «Երևանի» «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի 2.224 (երկու հազար երկու հարյուր քսանչորս) հատ հասարակ անվանական բաժնետոմսերը:
Քաղաքացի Սամվել Թադևոսյանի և Արտավազդ Խանդանյանի միջև էլ 25.04.2002թ. կնքվել է բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի՝ Սամվել Թադևոսյանը Արտավազդ Խանդանյանին է վաճառել իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ «Երևանի» «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի 2.225 (երկու հազար երկու հարյուր քսանհինգ) հատ հասարակ անվանական բաժնետոմսերը: Արտավազդ Խանդանյանը մահացել է 31.05.2002թ.-ին:
Ըստ 03.02.2003թ. տրված ժառանգության իրավունքի վկայագրի և սեփականության իրավունքի վկայագրի՝ Մարիամ Հարությունյանը՝ Խանդանյանի կինը, սեփականության իրավունք ունի ամուսինների համատեղ գույքի 1/2 բաժնի նկատմամբ (Մարիամ Հարությունյանի բաժինը ընդհանուր ժառանգությունն ընդունելու արդյունքում ստացվում է 5/8 բաժին), իսկ երեխաներինը, տվյալ դեպքում՝ Կիմ, ժասմենա և Գոռ Խանդանյաններինը, 2.224 և 2.225 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի 1/2 բաժնի, այսինքն՝ նշված բաժնետոմսերի 1/8-րդական բաժինների նկատմամբ:
Մեջբերենք որոշ հատվածներ հայցապահանջից, հայցի փաստական և իրավական հիմքերից։
Հայցվոր կողմը, ըստ այդմ, 20.08.2019թ. գրավոր հարցում է ներկայացրել կոմբինատ՝ խնդրելով տրամադրել տեղեկություն՝ արդյոք Յ․ Չանչուրյանը երբևէ հանդիսացե՞լ է «Արարատ» «Կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ին պատկանող բաժնետոմսերի որևէ մասի բաժնետեր, եթե՝ այո, ապա ո՞ր թվականից, և այս պահի դրությամբ ո՞ւմ են պատկանում վերջինիս բաժնետոմսերը և ի՞նչ հիմքով։ Արդյոք կոմբինատի մոտ առկա՞ է Մարիամ Հարությունյանի կողմից Սամվել Թադևոսյանին տրված լիազորագիր և վերջինիս կատարած որևէ գործարքի վերաբերյալ տեղեկատվություն։
Նշված գործարքի վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում հայցվորը խնդրել է հաստատել, որ Արտավազդ Խանդանյանը 25.04.2002թ. կնքված բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի հիմքով «Երևանի» Արարատ կոնյակի գինու-օղու կոմբինատ»-ի բաժնետեր է։ Հայցվոր կողմը միաժամանակ խնդրել է հայտնել, թե 2019թ. դրությամբ որքա՞ն է կազմում Արտավազդ Խանդանյանի բաժնեչափը «Երևանի» Արարատ կոնյակի գինու-օղու կոմբինատ»-ում այս պահի դրությամբ և որքա՞ն է կազմում մեկ բաժնետոմսի անվանական արժեքը:
27.08.2019թ. ստացված պատասխանի համաձայն՝ քաղաքացի Յուրի Չանչուրյանը հանդիսացել է կոմբինատի բաժնետեր, և 12.10.2008թ. կայացած՝ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշման կայացման պահին վերջինիս պատկանող 8000 դրամ անվանական արժեքով 33 հատ բոլոր բաժնետոմսերը հետ է գնել ընկերությունը: Միաժամանակ տեղեկացրել են, որ ընկերությունում առկա չէ 03.02.2003թ. տրված, ըստ օրենքի, ժառանգության իրավունքի վկայագիր կամ վկայագրի հիման վրա կատարված որևէ գրանցում Մարիամ Հարությունյանի անվամբ, և ընկերությունում առկա չէ որևէ փաստաթուղթ, որը կարող է վկայել հանգուցյալ Արտավազդ Խանդանյանի՝ երբևէ որպես ընկերության բաժնետեր հանդիսանալու փաստը:
Կիմ Խանդանյանի անունից 13.03.2020թ. հայց է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբի-նատ» ԲԲԸ-ի 2224 և 2225 հատ հասարակ անվանական բաժնետոմսի 1/8 բաժնի նկատմամբ պատասխանողին պարտավորեցնել գրանցել Կիմ Խանդանյանի սեփականության իրավունքը: Հետագայում պահանջը լրացրել են նաև մյուս ժառանգները՝ հետևյալ բովանդակությամբ.
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի 2224 և 2225 հատ հասարակ անվանական բաժնետոմսերի նկատմամբ պատասխանողին պարտավորեցնել գրանցել Մարիամ Հարությունյանի 5/8 բաժնի, Գոռ Խանդանյանի 1/8 բաժնի և ժասմենա Խանդանյանի 1/8 բաժնի սեփականության իրավունքը:
Սույն քաղաքացիական գործով միայն պատասխանող «Հայբիզնես-բանկ» ՓԲԸ-ն է ներկայացրել հայցադիմումի պատասխան:
14.01.2021թ. նշանակված դատաքննության օրը «Երևանի Արարատ Կոնյակի-գինու-օղու Կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ փաստաբան Դ. Մանթաշյանը դատարանին է ներկայացրել «Դիրքորոշում» վերտառությամբ փաստաթուղթ, որին կից ներկայացված է 25.03.2003թ. «Բաժնետոմսերի առքուվաճառքի մասին» պայմանագիր, բաժնետոմսերի հանձնման-ընդունման ակտի պատճեն և Մարիամ Հարությունյանի կողմից Սամվել Թադևոսյանի անվամբ 03.02.2003թ. տրված լիազորագրի պատճենը:
«Բաժնետոմսերի առուվաճառքի մասին» 25.03.2003թ. պայմանագրի հիմքով Մարիամ Հարությունյանը, ում անունից հանդես է եկել Սամվել Թադևոսյանը, վաճառել է Կոմբինատի թողարկած՝ 8.000 դրամ անվանական արժեքով, սեփականության իրավունքով իրեն պատկանող 4449 հատ հասարակ անվանական բաժնետոմսերն ամբողջությամբ, իսկ «Գնորդը» (Գագիկ Նիկոլայի Ծառուկյանն, ում անունից հանդես է եկել լիազորված անձ փաստաբան Դավիթ Մանթաշյանը) պարտավորվել է ընդունել դրանք և վճարել 400.000 (չորս հարյուր հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
«Այս պատմության մեջ առկա է երկու անհասկանալի փաստ, այն է՝ մինչև դատարան դիմելը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն և «Երևանի Արարատ Կոնյակի-գինու-օղու Կոմբինատ» ՓԲԸ-ն մի քանի անգամ գրավոր պատասխանել են, որ ընդհանրապես տեղյակ չեն ո՛չ Արտավազդ Խանդանյանի և ո՛չ էլ Մարիամ Հարությունյանի ունեցած որևէ իրավունքների մասին, որ նրանք տեղյակ չեն եղել նաև հետագայում՝ 25.03.2003թ. «Բաժնետոմսերի առուվաճառքի մասին» պայմանագրի կնքված գործարքի մասին: Կոմբինատի ներկայացուցիչը, իր կողմից դատարանին ներկայացված գրավոր «Դիրքորոշմամբ», հայտնել է հետևյալը.
«(....) Իմ կողմից ձեռք է բերվել 25.03.2003թ. նոտարական կարգով կնքված բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի պատճենը: Համաձայն պայմանագրի՝ գործով 3-րդ անձ Մարիամ Հարությունյանի՝ ի դեմս լիազորված անձ Սամվել Թադևոսյանի վաճառել է սույն գործով խնդրո առարկա կոմբինատի թողարկած 4449 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը ՀՀ քաղաքացի Գագիկ Ծառուկյանին: Ընդ որում, Մ. Հարությունյանի՝ Ս. Թադևոսյանին տված նոտարական վավերացմամբ լիազորագիրը պարունակում է հստակ նշում առ այն, որ լիազորող Մ. Հարությունյանը լիազորություններ է փոխանցել Ս. Թադևոսյանին ոչ միայն իր, այլև իր զավակների՝ Կիմ, Գոռ և ժասմենա Խանդանյանների անունից: Վերջիններս լիազորագրի վավերացման պահին եղել են անչափահաս քաղաքացիներ:
25.03.2003թ.-ին վաճառողի և գնորդի միջև կազմվել է վաճառված բաժնեմասերի հանձնման-ընդունման ակտ․․․»։
Փաստորեն ստացվել է այնպես, որ շուրջ մեկ տարի շարունակ որևէ մեկը տեղյակ չի եղել այս գործարքի մասին, իսկ այս պահին այն անհասկանալի պայմաններում հայտնվել է թիվ ԵԴ/9974/02/20 քաղաքացիական գործի վարույթում:
Ի պատասխան կոմբինատին 20.08.2019թ. կատարված գրավոր հարցման՝ հայտնել են, որ քաղաքացի Յուրի Չանչուրյանը հանդիսացել է Կոմբինատի բաժնետեր, և 12.10.2008թ. կայացած՝ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշման կայացման պահին վերջինիս պատկանող 8000 դրամ անվանական արժեքով 33 հատ բոլոր բաժնետոմսերը հետ է գնել ընկերությունը:
Միաժամանակ տեղեկացրել են, որ ընկերությունում առկա չէ 03.02.2003թ. տրված, ըստ օրենքի, ժառանգության իրավունքի վկայագիր կամ վկայագրի հիման վրա կատարված որևէ գրանցում Մարիամ Հարությունյանի անվամբ, և ընկերությունում առկա չէ որևէ փաստաթուղթ, որը կարող է վկայել հանգուցյալ Արտավազդ Խանդանյանի՝ երբևէ որպես ընկերության բաժնետեր հանդիսանալու փաստը:
․․․Այսինքն՝ ստացվում է, որ Կոմբինատում Մարիամ Հարությունյանի անվամբ երբևէ չի վարվել ռեեստր, իսկ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ում առկա չի եղել ինչպես Արտավազդ Խանդանյանի, այնպես էլ Մարիամ Հարությունյանի՝ որպես սեփականատիրոջ անունով գործող կամ գործած արժեթղթերի հաշիվ:
Կոմբինատից ստացված պատասխանի համաձայն, որը ներկայացվել է նաև դատարանին, Յուրի Չանչուրյանը հանդիսացել է Կոմբինատի բաժնետեր և 12.10.2008թ. կայացած՝ ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի որոշման կայացման պահին վերջինիս պատկանող 8000 դրամ անվանական արժեքով ընդամենը 33 հատ բոլոր բաժնետոմսերը հետ է գնել ընկերությունը:
Տվյալ դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարող էր Մարիամ Հարությունյանի և կոմբինատի միջև 2003թ. կնքվել առուվաճառքի պայմանագիր, երբ, ըստ կոմբինատի, Յուրի Չանչուրյանը միայն 2008թ. է վաճառել իրեն պատկանող բաժնետոմսերը, այդ դեպքում ի՞նչ բաժնետոմսեր է վաճառել Մարիամ Հարությունյանի լիազորված ներկայացուցիչը կամ Յուրի Չանչուրյանը:
Կարևոր է նաև այև հանգամանքը, որ, ըստ կոմբինատից ստացված պատասխանի, ընկերությունում առկա չէ 03.02.2003թ. տրված, ըստ օրենքի, ժառանգության իրավունքի վկայագիր կամ վկայագրի հիման վրա կատարված որևէ գրանցում Մարիամ Հարությունյանի անվամբ, և ընկերությունում առկա չէ որևէ փաստաթուղթ, որր կարող է վկայել հանգուցյալ Արտավազդ Խանդանյանի՝ երբևէ որպես ընկերության բաժնետեր հանդիսանալու փաստը:
Նշված փաստերի համադրումից ստացվում է, որ Մարիամ Հարությունյանի անունով երբևէ չի վարվել ռեեստր, իսկ որպես գնորդ Արտավազդ Խանդանյանի անունով վարվել է ռեեստր, սակայն չգիտես ինչու կոմբինատը հերքել է նշված փաստը, թեև բաժնետոմսերի հակառակ կողմում առկա է Արտավազ Խանդանյանի՝ որպես բաժնետեր հանդիսանալու փաստը հաստատող նշում։ ․․․․
Ինչ վերաբերում է պայմանագրով կատարվելիք վճարումներին, որոնք պետք է կատարվեին կանխիկ կամ փոխանցում կատարելու միջոցով, փուլային կարգով, ամսական հավասար չափերով, և որի դեպքում պետք է առկա լիներ պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող ստացական կամ փոխանցման փաստը հավաստող ապացույց, ապա տվյալ դեպքում կոմբինատը չի ներկայացրել որևէ վերաբերելի և (կամ) թույլատրելի գրավոր ապացույց փոխանցման փաստի կամ ստացականի տեսքով, ավելին՝ Մարիամ Հարությունյանը երբևէ չի ստացել որևէ գումար փոխանցման որևէ տարբերակով, վերջինս նույնիսկ տեղյակ չի եղել, որ իր անունից կնքվել է բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր:
Պատասխանողների դիրքորոշումը
Պատասխանողներ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու Կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Դ. Մանթաշյանը ներկայացրել է գրավոր առարկություն հայցը մերժելու վերաբերյալ՝ հետևյալ բովանդակությամբ.
Ըստ Պատասխանողների՝ սույն գործի շրջանակներում էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հետևյալն են.
03.2003թ.-ին հայցվոր Մարիամ Հարությունյանի /հետայսու՝ Վաճառող/ և պատասխանող Գագիկ Ծառուկյանի /հետայսու՝ Գնորդ/ կնքվել է բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի՝ Գնորդին սեփականության իրավունքով փոխանցվել է 4449 հատ հասարակ, անվանական բաժնետոմս, թողարկված՝ «Երևանի ԱՐԱՐԱՏ կոնյակի Գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի կողմից:
Գործարքի գինը սահմանվել է 400 հազար ԱՄՆ դոլար, վճարման ժամկետը մինչև հունիս 2004 թվական: Պայմանագիրը կողմերի անունից ստորագրել են լիազորված անձիք /Սամվել Թադևոսյան և Դավիթ Մանթաշյան/, համապատասխանաբար: Գործարքը ստացել է նոտարական վավերացում։ Նույն օրը հանձնման-ընդունման ակտով Գնորդին են փոխանցվել 4449 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը: Վաճառողի /հայցվոր Մարիամ Հարությունյան/ Ս. Թադևոսյանին տված լիազորագիրը պարունակում է լիազորություններ ոչ միայն իր անունից, այլև սույն գործով համահայցվորներ հանդիսացող, գործարքի պահին անչափահասներ Գոռ և ժասմենա Արտավազդի Խանդանյանների անունից:
Պայմանագրով սահմանված գործարքի արժեքը վճարված է ամբողջությամբ և ժամանակին: ․․․Չկա և չի կարող լինել շատ թե քիչ ողջամիտ բացատրություն առ այն, թե ինչպես կարող է անձը ստորագրել և տալ լիազորագիր մեկ այլ անձի, ընդ որում՝ վաճառքի հստակ լիազորությունների իրավունքով, այն էլ իր համար այդչափ էական նշանակություն ունեցող այնպիսի գույքի վերաբերյալ, ինչպիսիք են սույն հայցով վեճի առարկա բաժնետոմսերը, և 18 տարի շարունակ ոչ միայն չգիտակցել, որ այդ լիազորագրով կարող է կատարվել օտարման գործարք, այլև 18 տարիների ընթացքում երբևէ չհիշել բաժնետոմսերի ճակատագրի մասին:․․Դիտարկելով, որ Գագիկ Ծառուկյանը և կոմիբինատը չեն հանդիսանում պատշաճ պատասխանողներ՝ Պատասխանող կողմը խնդրել է հայցը մերժել ամբողջությամբ: Մյուս պատասխանողները դիրքորոշում չեն ներկայացրել:
Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտել է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի։
Դատարանը գտել է, որ հայցապահանջը հիմնավորված է միայն հայցվոր Մարիամ Հարությունյանի մասով։ 25.03.2003թ. առուվաճառքի պայմանագիրը կնքվել է միայն Մարիամ Հարությունյանի անունից որպես վաճառող, եւ միայն նա ունի վեճի առարկա բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունք։
Անդրադառնալով պատասխանողների շրջանակին և գործով հաստատված փաստերին՝ դատարանն արձանագրել է, որ ներկայացված հայցապահանջով իրականացման ենթակա իրավունքը և կատարման ենթակա պարտականությունը վերաբերում են միայն Մարիամ Հարությունյանին՝ որպես վաճառողի և Գագիկ Ծառուկյանին՝ որպես գնորդի, ինչի արդյունքում հայցը մյուս պատասխանողների մասով ենթաակա է մերժման, քանի որ վերջինների կողմից վեճի առարկա բաժնետոմսերի սեփականատեր հանդիսանալու և դրանց տիրապետման մասով փաստեր և ապացույցներ չեն ներկայացվել:
Վճիռ
Դատարանը 2023թ․մարտի 30-ին մասնավորապես վճռել է՝ սույն քաղաքացիական գործով Գոռ Արտավազդի Խանդանյանի, Մարիամ Ռուդիկի Հարությունյանի, Ժասմենա Արտավազդի Խանդանյանի հայցն ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի, Սամվել Թադևոսյանի, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու Կոմբինատ» ԲԲԸ-ի՝ 8000 դրամ անվանական արժեքով թվով 4449 հատ (13,3636 տոկոս) հասարակ անվանական բաժնետոմսերը վերադարձնելու պահանջի մասին, բավարարել մասնակի, այն է՝ պարտավորեցնել Գագիկ Ծառուկյանին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու Կոմբինատ» ԲԲԸ-ի` 8000 դրամ անվանական արժեքով 4449 հատ (13,3636 տոկոս) հասարակ անվանական բաժնետոմսերը վերադարձնել Մարիամ Ռուդիկի Հարությունյանին: Հայցը մյուս հայցվորների և պատասխանողների մասով մերժել է:
Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանն ու հայցվորներ Գոռ Խանդանյանն ու Ժասմենա Խանդանյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել։ Վարչական վերաքննիչը 2023 թ․ հուլիսի 24-ին վերադարձրել է Գոռ և Ժասմենա Խանդանյանների բողոքը։