Երևանի քաղաքապետի որոշմամբ դպրոցին հատկացված հողատարածքն առանձնացվել ու աճուրդով վաճառվել է․ ՀԵՏՔ
Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի 2007թ. որոշմամբ արդեն նախկին թիվ 2 հանրակրթական գիշերօթիկ դպրոցին հատկացված մոտ 6.5 հա հողամասը բաժանվել է երկու առանձին գույքային միավորների: 617 քմ հողամասի նկատմամբ դադարեցվել է դպրոցի անհատույց (մշտական) օգտագործման իրավունքը և 555 քմ տարածքն աճուրդով օտարվել է: Աճուրդում հաղթող է ճանաչվել Խաչիկ Ավդալյանը: Նրա հետ 2007թ. կնքվել է առուվաճառքի պայմանագիր՝ հողի համար վճարելով 12 մլն 820 հազ. 500 դրամ:
Բաժանված հողատարածքներից 5960քմ-ն մնացել է դպրոցին:
Գիշերօթիկ դպրոցը հետո դարձել է թիվ 30 ավագ դպրոց, իսկ Կառավարության 2012թ․ որոշմամբ դպրոցը վերակազմակերպվել է որպես Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) «Հերացի» ավագ դպրոց: Համալսարանը դարձել է թիվ 30 դպրոցի իրավահաջորդը: Այստեղ այժմ սովորում է 549 աշակերտ, որոնք դպրոցի տարածքում նույնիսկ զբոսնելու համար բավարար ազատ տարածք չունեն:
Մինչև դպրոցից հողատարածք առանձնացնելն ու վաճառելը, Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի 2002թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ մոտ 6,5 հա հողամասն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել էր դպրոցին: Այնուհետև դպրոցի տարածքը ճանաչվել է պետական սեփականություն և գրանցվել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2017թ. հոկտեմբերին Կառավարությանն անընթեր պետական գույքի կառավարման վարչության և բժշկական համալսարանի միջև կնքվել է տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ հողամասի, դպրոցի շենքի, պարսպի նկատմամբ:
Երևանի բժշկական համալսարանի ավագ դպրոցի շենքի բարձր սեյսմակայունությունն ապահովելու նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի որոշմամբ և համապատասխան շինթույլտվությամբ 2019թ․ նոյեմբերի 8-ին սկսվել է շինարարությունը, որը պետք է ավարտվեր 2021թ․ հուլիսի 30-ին։ Սակայն, մինչ օրս շենքի շինարարությունը չի ավարտվել:
Դպրոցը դասերն անցկացնում է Սիլվա Կապուտիկյանի անվան թ․145 հիմնական դպրոցի շենքում՝ 2 հերթով։ Բժշկական համալսարանն ամսական 1,2 մլն դրամ վարձակալության գումար է վճարում այդ դպրոցին: Թեև այս օրերին դպրոցում շինաշխատանքներ են ընթանում, սակայն պարզ չէ, թե դրանք երբ կավարտվեն:
Սկզբնականի համեմատ այսօր դպրոցի տարածքից քիչ բան է մնացել: Դպրոցի նախկին սպորտային հրապարակի զգալի մասը տարիներ առաջ ևս օտարվել է:
«Հերացի» ավագ դպրոցի տարածքից 632,2քմ․ ընդհանուր մակերեսով և 0,2433 հա հողատարածք 2016թ. մարտի 12-ին կնքված պայմանագրով տրվել էր «Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ին։
Կառավարության 2017թ․ հունիսի 1-ի 604-Ն որոշմամբ՝ այդ տարածքները հետ են վերցվել ՊՈԱԿ-ից և անհատույց օգտագործման իրավունքով դարձյալ տրամադրվել են «Հերացի» ավագ դպրոցին: Իսկ սպորտային հրապարակի ու աճուրդով օտարված հողատարածքի հարցը մնացել է։
Ինչ վերաբերում է հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար վաճառված 555քմ հողատարածքին, ապա 2007թ․-ից մինչ օրս սեփականատիրոջ կողմից ոչինչ չի արվել: Դպրոցի տնօրենի փոխանցմամբ՝ ժամանակին իրենք են հողատարածքը կանաչապատել, ծառատունկ կազմակերպել, քանի որ տարածքն անխնամ վիճակում էր գտնվում: Այժմ էլ պլանավորում են մի հատվածը կանաչապատել և եթե սեփականատիրոջ հետ համաձայնության գան կամ Կառավարությունը, Երևանի քաղաքապետարանը լուծում առաջարկեն՝ փոքր ջերմատուն կառուցեն:
«Հերացու» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանն ասում է, որ կրթությունն իրականացվում է բնագիտամաթեմատիկական հոսքում՝ կենսաքիմիական և տնտեսագիտական ենթահոսքերով: Հետևաբար հատկապես կենսաքիմիական ենթահոսքում, որտեղ ուսումնասիրվում են «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաները, ջերմոցը պրակտիկ գիտելիքներ կարող է տալ աշակերտներին: Մինչդեռ այսօր դրա համար ազատ տարածք չունեն:
«Դպրոցը կանաչապատ տարածք չունի, այս տարածքն է և դպրոցի նախամուտքի մոտ գտնվող մի փոքր տարածք: Իսկ երեխաների համար շատ կարևոր է, որ կանաչապատ տարածքում նստեն, հանգստանան, ստեղծագործեն, քննարկումներ կազմակերպեն: Այդ նկատառումներով մտածեցինք՝ շինարարությունը կավարտվի, այս տարածքի հետ կապված կբարձրաձայնենք, բայց այնպես պատահեց, որ սեփականատերն ինքն էր մոտեցել շինարարներին և խնդրել էր տարածքն ազատել, քանի որ իրեն է պատկանում: Շինարարներն ահազանգեցին, որ իրենք այստեղ ունեն տնակ, որտեղ արհեստավորները հանգստանում են և խնդրեցին, որ այդ հարցով մենք զբաղվենք»,- ասում է Նարինե Սարգսյանը:
Տնօրենի փոխանցմամբ՝ Խաչիկ Ավդալյանն ասել է, որ տարածքն իրենն է և շենք է կառուցելու: Թե ինչ շենք՝ Նարինե Սարգսյանը չգիտի:
«Շատ ենք ուզում այս տարածքը լինի դպրոցինը, լինի կանաչապատ տարածք, պուրակ դարձնենք, հանգստի վայր լինի և այդ փոքր ջերմոցն ունենալ»,- հավելում է Նարինե Սարգսյանը:
«Հերացի» ավագ դպրոցի հանրակրթական հարցերով հրավիրված մասնագետ Անահիտ Բախշյանն ասում է՝ արդեն 2 տարի է դպրոցի տնօրենի հետ զբաղվում են վաճառված հողատարածքի հարցերով: Պատմում է, որ դպրոցի վերանորոգման ժամանակ է հայտնվել հողը գնած Խաչիկ Ավդալյանը, հետաքրքրվել իր հողատարածքով: Մինչ այդ նրան դպրոցի տարածքում չեն տեսել: Այդ ժամանակ են սկսել փաստաթղթերն ուսումնասիրել, հասկանալ, թե ինչպես է դպրոցին հատկացված հողատարածքն առանձնացվել ու վաճառվել:
Ըստ Ա. Բախշյանի՝ գրավոր դիմել, որոշ դեպքերում հանդիպել են պատկան մարմինների ներկայացուցիչների հետ, սակայն խուսափողական պատասխաններ են ստացել:
«Տարբեր տեղեր դիմել ենք, իմ փորձը ցույց տվեց, որ մինչև այս մասին հրապարակայնորեն չխոսվի, այդ փաստերը չհրապարակվեն, որևէ պետական կառույց ըստ արժանավույն չի որակելու 2007թ. քաղաքապետի այդ որոշումը»,- ասում է Անահիտ Բախշյանը:
Հաշվի առնելով, որ հողատարածքը 2007թ. վաճառվել է Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Ա. Բախշյանը դիմել է Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Բախշյանը տեղեկացրել է, որ հողատարածքի սեփականատերը պատրաստ է այն փոխանակել թեկուզ ավելի փոքր սակայն համարժեք տարածքի հետ: Նա Տիգրան Ավինյանին խնդրել է լուծել տարածքի հարցը՝ հօգուտ «Հերացի» ավագ դպրոցի:
Անահիտ Բախշյանը խնդրել է նաև փոխանցել գործարքին վերաբերող որոշ փաստաթղթերի պատճեններ: Սակայն քաղաքապետարանից ստացել է պատասխան, որով ընդամենը հաստատվել է հողատարածքը վաճառված լինելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ Երևանի քաղաքապետի որոշումները՝ ներառյալ 2013թ., հանձնվել են Ազգային արխիվ:
Խաչիկ Ավդալյանն Արմավիրի մարզից է: Նա մի քանի ընկերություններում բաժնետեր է եւ տնօրեն: Նրան է պատկանում «Գրին Փալաս» ՍՊԸ-ի 50%-ը, «Մաունթայն Պլազա» ՍՊԸ-ի մոտ 74%-ը:
Խաչիկ Ավդալյանը մեզ հետ հեռախոսազրույցում ևս ասաց, որ պատրաստ է հողատարածքը փոխանակել համարժեք հողատարածքի հետ, թեև նշեց, որ այդ հողատարածքում շինություն կառուցելու և գործունեություն ծավալելու ծրագրեր ունի: Հարցին, թե ինչու է հենց դպրոցի ընդհանուր տարածքում գտնվող հողատարածքը գնել. Խաչիկ Ավդալյանն ասաց, որ գնելու ժամանակ չի իմացել, որ հողատարածքը դպրոցն է օգտագործել:
Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ են, որ սեփականատերը պատրաստ է համարժեք տարածքի դիմաց դպրոցին թողնել գնված հողատարածքը:
«Ինչ վերաբերում է դպրոցի տարածքը այլ տարածքի դիմաց վերադարձնելու՝ քաղաքացու պատրաստակամությանը, ապա Երևանի քաղաքապետարանը պաշտոնական դիմում կամ առաջարկ այդ թեմայով դեռ չի ստացել»,- հայտնել են քաղաքապետարանից:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում։