Նարինե Հայրապետյանը տուժող է ճանաչվել
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը տուժող է ճանաչվել՝ իր առևանգման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին տեղեկանում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Հայրապետյանը դիմել էր ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից անհայտ անձինք ստիպողաբար իրեն նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։
Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։
Հայրապետյանի հաղորդման հիմա վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից առևանգման հատկանիշներով։ Իրավապահներին դիմելուց հետո Նարինե Հայրապետյանը լքել է Հայաստանը և, ըստ «Մայր Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրության, նրա նկամամբ ճնշումներ են բանեցրել ոստիկանությունում՝ ստիպելով հրաժարվել ցուցմունքից և նոր ցուցմունք տալ։ Ոստիկանությունից դուրս գալուց հետո էլ նա հեռացել է երկրից։
«Հայրապետյանի հետ տեղի ունեցածն արտառոց է և աղաղակող: Սա մենք գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում ավագանու ընդդիմադիր անդամի դեմ: Կոչ ենք անում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին ու մեր երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին արձագանքել այս ամենին:
Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերների ու Նիկոլ Փաշինյանի ձախողված արտաքին, ներքին քաղաքականության ֆոնին ակնհայտ են բռնաճնշումների գնալու, մեր երկրում վախի մթնոլորտ ձևավորելու իշխանական փորձերը, որը մենք խստորեն դատապարտում ենք և հետևողականորեն պայքարելու ենք հանուն ամբողջական իշխանափոխության»,- նշված է հայտարարությունում։