Մոլդովան կչեղարկի ԱՊՀ-ի հետ «անարժեք» պայմանագրերը
Մոլդովայի կողմից ԱՊՀ-ի հետ ստորագրված շուրջ 120 համաձայնագրերը արժեք չունեն հանրապետության քաղաքացիների համար, հետևաբար ընթացակարգեր են սկսվել 79 համաձայնագրերի դադարեցման համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է կառավարության մամուլի ծառայության ղեկավար Դանիել Վոդեն։
Ավելի վաղ Մոլդովայի կառավարությունը հաստատել էր ԱՊՀ-ի հետ պաշտպանության, էներգետիկայի և առողջապահության ոլորտներում ութ համաձայնագրերի չեղարկումը։
Վոդեն նշել է, որ մոլդովական կողմն ավարտել է ԱՊՀ-ի հետ 55 համաձայնագրերը չեղյալ հայտարարելու ընթացակարգը, իսկ Համագործակցության գործադիր քարտուղարությունը հաստատել է 36 համաձայնագրերի իրավական գործողության դադարեցումը։
Վոդեն նաև ընդգծել է, որ ընդհանուր առմամբ՝ Մոլդովան Համագործակցության շրջանակներում ստորագրել է 282 տարբեր համաձայնագրեր։ Նա հավելել է, որ այդ փաստաթղթերից յուրաքանչյուրը վերլուծվում է երկրի քաղաքացիների և հաստատությունների համար օգտակար լինելու տեսանկյունից։
2022 թվականից Մոլդովայի իշխանությունները խոսում են ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերը չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին։ Նախարարությունները մտադիր են վերլուծել ԱՊՀ-ի հետ բոլոր համաձայնագրերը և չեղարկել նրանք, որոնք դարձել են «անարդյունավետ»՝ հուսալով դրանք փոխարինել Համագործակցության անդամ երկրների հետ երկկողմ համաձայնագրերով: