Աշակերտները ծեծի՞ են ենթարկել ուսուցչին. դպրոցից հերքում են, ոստիկանությունը` պարզում դեպքի հանգամանքները
Երեկվանից Ֆեյսբուք սոցիալական ցանցում որոշ օգտատերեր գրում են, որ Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի 2 աշակերտ ծեծի են ենթարկել նույն դպրոցի ֆիզկուլտուրայի 70-ամյա ուսուցչին՝ հարվածելով նրա մարմնի տարբեր հատվածներին։
ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ հրապարակման մեջ նշված հանգամանքները պարզում է ոստիկանությունը. «Այդ բովանդակությամբ հաղորդում ոստիկանությունում չի եղել, բայց հրապարակմամբ նշված հանգամանքները պարզում է ոստիկանությունը»։
Նշենք, որ ըստ օգտատերերի՝ դեպքը տեղի է ունեցել հանդերձարանում, երբ Ա. Բաղդասարյանը նկատել է հանդերձարանում ծխող աշակերտներին և սաստելու նպատակով ասել է, որ կզանգի նրանց ծնողներին և կտեղեկացնի, թե ինչով են զբաղված, ինչին ի պատասխան աշակերտները, հարձակվելով ուսուցչի վրա, ծեծի են ենթարկել նրան, իսկ դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանը շտապօգնության կանչ գրանցելու փոխարեն զանգահարել է իր ծանոթ բժշկին, որպեսզի տուժածին մաքսիմալ անաղմուկ օգնություն ցուցաբերվի։ Ծեծի ենթարկված ուսուցիչը մի կերպ տեղաշարժվելով տուն է գնացել, իսկ աշակերտները իրենց դաստիարակողների ներկայությամբ ընդամենը նկատողություն են ստացել։
Civic.am-ը կապ հաստատեց դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանի հետ, ով հերքեց դեպքի մասին շրջանառվող լուրը և նշեց, որ ոստիկանությունը նույնպես գնացել է դպրոց։ Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում նման կեղծ լուրը, տնօրենն ասաց. «Չգիտենք, մեզ համար էլ զարմանք է, ինչի՞, ո՞վ և ինչո՞ւ է տարածել այդ տեղեկատվությունը։ Ինձ համար էլ զարմանք է։ Չգիտեմ, չեմ կարող ասել՝ ինչի համար է դա տարածել»։
Մենք նաև կապ հաստատեցինք ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արամ Բաղդասարյանի հետ, ով նույնիսկ չմտաբերեց, թե որ դեպքի մասին է խոսքը։ «Դա լրիվ հերյուրանք է, ես շատ զարմանում եմ, որ չճշտված փաստերով փորձում են ինչ-որ բաներ անել։ Որևէ հարց ու խնդիր չկա։ Իմ հեղինակության հետ ցանկանում են խաղալ, բայց էն, ինչ գրում են, ասում են, դա բացարձակ հերյուրանք է»։
Նշենք, որ Civci.am-ի տեղեկություններով՝ միջադեպը իսկապես տեղի է ունեցել, սակայն սոցհարթակների օգտատերերը փոքր-ինչ չափազանցված են ներկայացրել այն։