Ժաննա Անդրեասյանը ծաղիկներ է խոնարհել Պարույր Սևակի շիրիմին
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են․
«Նախարար Ժաննա Անդրեասյանը հայ մեծանուն բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակի օրը՝ հունվարի 24-ին այցելել է գրողի ծննդավայր՝ Զանգակատուն ու ծաղիկներ խոնարհել նրա հիշատակին: Նախարարին ուղեկցել են փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը և Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:
Այցի շրջանակում Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրենը՝ Սևակ Ղազարյանը, նախարարին ներկայացրել է թանգարանի հիմնադրման պատմությունը և առանձին ցուցանմուշները: Ըստ Սևակ Ղազարյանի՝ ցուցասրահի պատին նկարիչ Սարգիս Մուրադյանի՝ Պարույր Սևակին նվիրված որմնանկարն է, որում ներկայացված են գրողի կյանքի և ստեղծագործության կարևոր շրջափուլերը։ Թանգարանի նախասրահ-դահլիճում ցուցադրված են բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, տարբեր լեզուներով հրատարակություններ։ Ցուցասրահի մի անկյունում ճշգրտությամբ վերարտադրված է Պարույր Սևակի՝ երևանյան բնակարանի աշխատասենյակը՝ բնօրինակ կահույքով և ցուցանմուշներով»։