«Հրապարակ». Ես համաձայն չեմ պահանջատիրությանը, մենք ո՞վ ենք, որ պահանջատեր լինենք` որպես պետություն
Ոչ միայն քաղաքական գործիչները, այլեւ սահմանադրագետները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Սահմանադրությունն ուզում է փոխել, որ ամրագրի Արցախի կորուստը եւ կատարի Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջը՝ հրաժարվելով նաեւ ցեղասպանության պահանջատիրությունից: Բանն այն է, որ գործող Սահմանադրությամբ ամրագրված է Արցախն այլ պետության կազմում ճանաչելու արգելքը, Սահմանադրության նախաբանը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, որն էլ իր հերթին՝ 1989 թ․ դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂ Ազգային խորհրդի համատեղ որոշմանը։
Հռչակագրում ամրագրված է նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով եղել է նաեւ Գերագույն խորհրդի պատգամավոր եւ Հռչակագիրն ընդունողներից մեկը, մեզ հետ զրույցում ասում է, թե պարտադիր չէ, որ նոր Սահմանադրությունը հղում անի Անկախության հչակագրին։
- Պարոն Աղազարյան, ինչո՞ւ է Հայաստանին նոր Սահմանադրություն պետք, եթե խորհրդարանական կառավարման մոդելը չի փոխվելու։ Որպես ԳԽ պատգամավոր՝ ինչպե՞ս եք վերաբերվում, որ նոր Սահմանադրության մեջ մեր հարեւանների պահանջով այլեւս հղում չի արվելու Անկախության հռչակագրին, որ հանգիստ ստորագրեն խաղաղության պայմանագիրը։
- Նոր Սահմանադրության ընդունումն ամենեւին չի նշանակում Հռչակագրի չեղարկում։ Եթե հիշում եք՝ հեղափոխությունից ամիսներ հետո նախաձեռնվեց սահմանադրական բարեփոխումների գործընթաց, հանձնաժողով ստեղծվեց, ինքս էլ դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ էի ներկայացրել, բայց կորոնավիրուս, պատերազմական գործողություններ, գործընթացն առկախվեց, հիմա կրկին ակտիվացվում է, եւ անհրաժեշտություն կա նոր Սահմանադրության։ Քանի անգամ է փոխվել Սահմանադրությունը, եթե չեմ սխալվում՝ վերջին փոփոխությունը 2015-ին էր, ինչո՞ւ այդ ժամանակ հարցեր չառաջացան, իսկ հիմա ասում եք՝ Հռչակագրից եք ուզում ազատվել, Ալիեւն է պարտադրում եւ այլն։
- Բայց 2015-ին պետության կառավարման համակարգ փոխվեց, դրա համար էր ընդունվում նոր Սահմանադրությունը, հիմա Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մտադիր չէ իր եւ ձեր կողմից քննադատված սուպերվարչապետական մոդելից ազատվել, որը համարում էր Սերժ Սարգսյանի «հագով կարված», այլեւ շատ գոհ ու երջանիկ վայելում է այդ «կոստյումը»։
- Ես կարծում եմ, որ սուպերվարչապետական համակարգում որոշակի փոփոխություններ տեղի կունենան, պառլամենտական երկրին հարիր կվերադասավորվեն լիազորությունները։ Մենք ունեցել ենք ազատ ոճի քննարկումներ՝ նախագահական, թե պառլամենտական: Ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ վարչապետը, կողմ են պառլամենտական համակարգին, մոդել չի փոխվելու, բայց լիազորությունների վերաբաշխման երեւի թե անհրաժեշտություն կա։
- Գործող Սահմանադրությամբ ամրագրվում է, որ Արցախը չի կարող լինել այլ պետության տարածքում, հակառակը՝ վերամիավորման հարց է առաջ քաշում, բայց հիմա քանի որ Արցախը տվել եք այլ պետության, ուզում եք նաեւ այդ կապիտուլյացիան ամրագրել թղթի վրա, որ հետագա սերունդներին Արցախը վերադարձնելու որեւէ շանս չթողնեք։
- Գիտեք՝ Հռչակագիրը շատ նպատակներ կարող է հետապնդել, բայց արդյոք հնարավո՞ր է բոլոր նպատակներն իրականացնել պատմական այս կամ այն ժամանակահատվածում, հետեւաբար Հռչակագիրը պետք է մնա իր տեղում` որպես պատմական փաստաթուղթ, իսկ Սահմանադրությունը որպես իրավական մի գործիք է, որով պետությունը կառավարվում է դրա վրա հիմնված օրենքներով։
- Ո՞ր պետությունը, չէ՞ որ Անկախության հռչակագիրն է մեր պետության, այսպես կոչված, ծննդյան վկայականը, այդ Հռչակագիրն է բնորոշում, թե ինչ պետության հետ գործ ունենք, հիմա դուք ուզում եք ասել, որ Հռչակագրին կարող ենք նաեւ հղում չկատարե՞լ։
- Կարծում եմ՝ պարտադիր չէ նոր Սահմանադրության մեջ հղում անել Անկախության հռչակագրին, որովհետեւ Հռչակագրի կարեւոր կետերից մեկն այն է, որ անկախ պետության հիմքն է դրվում, բայց որ ասում եք՝ որ պետության, այդ պետությունը ստեղծվել է, Հռչակագրից հետո անկախության հանրաքվե է եղել, անկախության գործընթացն էլ մինչ օրս շարունակվում է, եւ նոր Սահմանադրության նպատակն այն է, որ պետության ամրապնդման եւ կայացման գործընթացը դրվի ավելի լավ հիմքերի վրա։
- Հռչակագիրը միայն քաղաքական փաստաթուղթ չէ, այն նաեւ իրավական է, որի վերջին կետն ասում է, որ դու ոչ մի օրենք, Սահմանադրություն չես կարող փոխել, ես՝ Հռչակագիրս, պետք է հիմք հանդիսանամ դրանք փոխելու ժամանակ։
- Ես չգիտեմ՝ հղում կարվի, թե ոչ, բայց ինքս գտնում եմ, որ դա պարտադիր չէ, որովհետեւ եթե հղում անենք, նշանակում է պետք է շարունակենք Արցախի հարցի լուծման այն ճանապարհը, որ սկսեցինք այն ժամանակ, իսկ դա մեզ պետք չէ, դա անցած էտապ է։ Ցեղասպանության հետ կապված էլ՝ Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից, Պակիստանից բացի, եթե չեմ սխալվում, բոլոր երկրները ճանաչել են։ Եվ, ուրեմն, էլ ի՞նչ պետք է անել։
- Ամենակարեւորը՝ Թուրքիան չի ընդունում, իսկ մենք պիտի այդ հարցում պահանջատեր լինենք։
- Թուրքիան, ինչ-ինչ հարցերից ելնելով, չի ընդունում, վաղը կարող է ընդունել։ Ես համաձայն չեմ պահանջատիրությանը, մենք ո՞վ ենք, որ պահանջատեր լինենք` որպես պետություն: Ինչի՞ պիտի պահանջատեր լինենք ուրիշ պետությունից, որն իր մեջ գտնվող մի ժողովրդի նկատմամբ իրականացրել է ցեղասպանություն, մենք նման պահանջատիրություն, որպես պետություն, չենք կարող ցուցաբերել, նման իրավական հիմք չունենք` դատապարտել, կոչ անել Թուրքիային՝ կարող ենք, բայց ոչ ավելին, Թուրքիան էլ կարող է վաղն ընդունել այդ փաստը։
- Ասում եք՝ մենք ով ենք, որ պահանջենք, բա դուք ո՞վ եք, որ պիտի հրաժարվեք այդ պահանջատիրությունից կամ Արցախի վերամիավորումից, դուք ինչո՞ւ պիտի մեր սերունդների փոխարեն նման որոշում ընդունեք։
- Բայց մենք նման պատասխանատվություն չենք վերցնում, այդ պատմական փաստաթղթերը կան՝ Ալմաթիի հռչակագիրը, այ, որպեսզի եկող սերունդները մեզ քննադատելու լրացուցիչ առիթներ չունենան, մենք ընդամենը Սահմանադրությունը փոխում ենք, որպեսզի պետության կառավարման համակարգն ավելի նպատակահարմար դարձնենք։
- Պատմական փաստերն ուզում եք ջնջել, հիմա էլ դպրոցներում եք ուզում ոչ թե Հայոց պատմություն, այլ Հայաստանի պատմություն դասավանդել` հայկական մեծ սփյուռք, պատմական հայրենիք ունեցող պետությունում ո՞նց կարելի է նման որոշում ընդունել։
- Մի 200 տարի հետո սփյուռքը վերանալու է, անկասկած, բայց պետականությունը պիտի պահպանենք։ Եթե մենք առաջնայինը համարենք հայ ժողովրդի պատմությունը եւ այն չկապենք հողի հետ, պետության հետ, ապա մի տեսակ անհասկանալի է դառնում: Իսկ երբ ասում ենք` Հայաստանի պատմություն, հասկանում ենք հաջորդ պետականության տարեգրություն եւ որոշ հատվածներում դրա կորստի, պատճառների գնահատական, որպեսզի հետագայում նույն սխալները թույլ չտրվեն։ Հետեւաբար, Հայ ժողովրդի պատմությունը չի տարանջատվի, զուգահեռաբար կգա, սա՝ մի հիմնավորում, իսկ երկրորդ հիմնավորումը՝ Հայաստանը, ի վերջո, մենակ հայ ժողովրդինը չէ, ստեղ ուրիշ ազգեր էլ են ապրում, հետեւաբար, ճիշտ մոտեցում չէ։
- Այսինքն՝ Հայաստանը նաեւ հնդիկների՞ հայրենիքն է։
- Հնդիկների՝ ոչ, բայց եզդիների, քրդերի: Հնդիկների հայրենիքը կդառնա մի 5 հարյուր տարի հետո, եթե մնան։