Շենգավիթում «ԱԿ-74» տիպի ինքնաձիգից կրակել են «Լեքսուս»-ի ուղղությամբ
Ոստիկանության տարածած հղորդագրությունից տեղեկանում ենք,
«Հունվարի 16-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց փողոցի մի բակում լսվել են կրակոցների ձայն, հնարավոր է մեքենայից գազի արտահոսք լինի: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց նշված վայր: Շուտով տեղ հասան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավարներ, քննիչ ու փորձագետ: Գազի արտահոսք չկար, սակայն պարզվեց, որ անհայտ անձը կրակոցներ էր արձակել բակում կայանված «Լեքսուս» մակնիշի մեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին մեքենայատերն էր:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին 4 պարկուճ և գնդակի միջուկի զանգվածի նմանվող 2 առարկա:
Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ: Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ մեքենայատիրոջ ուղղությամբ իր մոտ պահվող հրազենից կրակել էր մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի 38-ամյա բնակիչը:
Նրան հայտնաբերելու միջոցառումները, սակայն, մի քանի օր արդյունք չտվեցին, և 38-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվեց հետախուզում, խափանման միջոց ընտրվեց կալանքը: Հունվարի 22-ին, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանների բացատրական աշխատանքից հետո հետախուզվողն ինքնակամ ներկայացավ Շենգավիթի բաժին` բերելով նաև հանցագործության գործիք «ԱԿ-74» տիպի առանց գործարանային համարի ինքնաձիգը, մեկ փամփշտակալ և փամփուշտներ:
Ինքնաձիգը ներկայացվել է քննչական բաժին: Նշանակվել է փորձաքննություն: Արարքի դրդապատճառն ու դեպքի այլ հանգամանքներ նախաքննությամբ պարզվում են»: