Արմավիրի մարզպետն այցելել է Արաքս համայնք, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային աշխատակիցների, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ այցելել է Արաքս համայնք՝ ծանոթանալու համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում:
«Ջրառատ բնակավայրում այցելեցի մանկապարտեզ և մշակույթի տուն։ Մանկապարտեզում իրականացվել է շենքի կապիտալ վերանորոգում, ջեռուցման համակարգի կառուցում։ Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 195 մլն դրամ է, որի 70%-ը ֆինանսավորում է պետական, 30%-ը՝ համայնքային բյուջեի միջոցներով: Ջրառատ գյուղի մշակույթի տան վերանորոգման ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 110 մլն դրամ է` 60% կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ։
ՀՀ պետական բյուջեի միջոցներով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, մարզական օբյեկտների շինարարության ծրագրով 2021 թվականին մեկնարկել և շարունակվում է Ջրառատ բնակավայրի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքները։ Մարզադպրոցում ծանոթացա կատարված շինարարական աշխատանքներին, հետագա ընթացքին։
Հաջորդիվ այցելեցի Արաքս գյուղի պոմպակայան, որը նույնպես կառուցվում է պետական համաֆինանսավորման ծրագրով։ Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 90մլն դրամ է` 70% պետության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Դիտարկեցի նաև Արաքս համայնքի Գայ բնակավայրի մշակույթի տան երկրորդ հարկի վերանորոգման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 59 մլն դրամ է: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Շինարարական բոլոր օբյեկտներում զրուցեցի շինարարների հետ` կարևորելով աշխատանքների բարձր որակը և ժամկետների պահպանումը:
Աշխատանքային այցի վերջում համայնքի ղեկավարի հետ այցելեցինք համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ, քննարկեցինք առաջիկա ծրագրերն ու անելիքները»,- գրել է նա։