Հայաստանն Ադրբեջանի մոտ քաղաքական կամքի բացակայություն է տեսնում խաղաղության հասնելու հարցում
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործընթացին՝ չնայած Ադրբեջանի հետ առկա են բազմաթիվ խնդիրներ։
Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Տեսականորեն խաղաղության գործընթացը տեղի է ունենում թշնամիների միջև։ Ակնհայտ է, որ կա երկարամյա թշնամանքի պատմություն, և դեռ գերիներ ունենք, բազմաթիվ դեպքեր ունենք, երբ մարդկանց ճակատագրերը պարզապես անհայտ են, այդ թվում՝ 32-ը լավ հիմնավորված բռնի անհետացումների դեպքեր են։ Խնդիրներն իսկապես բազմաթիվ են, և, եթե այդ խնդիրների գույքագրում փորձենք իրականացնել, ապա դա, գուցե, մեծ հաշվով Ադրբեջանի քաղաքական կամքի բացակայությունն է։ Համենայնդեպս, մենք այդպես կարող ենք դատել հնչող հայտարարություններից և Ադրբեջանի նախագահի վերջին գնահատականներից։
Այո, ունենք տպավորություն, որ կարգավորման համար քաղաքական կամք Ադրբեջանում չկա, այլ հակառակը՝ կա խնդիրներն ավելի սրելու, սահմանազատման գործընթացում խոչընդոտներ հարուցելու ցանկություն»,- ընդգծեց Միրզոյանը։
ԱԳ նախարարի խոսքով՝ հայկական կողմը բոլոր ուղղություններով տեսնում է պայմանավորվածություններից հետ կանգնում Ադրբեջանի կողմից։
«Բայց Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության գործընթացին, և մեծ հաշվով խաղաղության գործընթացը հենց այս խնդիրների լուծման նպատակ ու առաքելություն ունի»,- հայտարարեց Միրզոյանը։
Նախարարը նշեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելուց նախապայմաններ չեն ներկայացրել միմյանց։
Արարատ Միրզոյանը կարծիք հայտնեց, որ աշխատանքային գործընթացի ընթացքում հնարավոր կլինի լուծել առկա բոլոր խնդիրները՝ հավելելով, որ հակառակ դեպքում չի ստացվի խաղաղության պայմանագիր կնքել։